ՈՒրց Սողացող
Հայկական տարանունները
դաշտուրց, թյում, խոռ, ղռի դաղձ, վայրի ծոթրին, մեշ
Դեղաբույսի Նկարագրությունը
Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող ցողունով կիսաթուփ է։ Ունի ձվաձև տերևներ։ Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերի ծայրերին։ Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ամբողջ բույսն ունի սուր, հաճելի, բուրավետ հոտ։ Հանդիպում է մեր հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում՝ քարքարոտ, արևաշատ լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու անտառներում, խամահողերում, դաշտերում և այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով։ Պտղակալում է կանոնավոր, վատ է տանում ցուրտը։ Մեր հանրապետությունում, վայրի վիճակում աճում են նաև Մարշալի և Կեչի ուրցերը, որոնք իրենց պիտանելիությամբ մոտ են սողացող տեսակին։ «Թիմուս» բառը ոմանք հունարենից թարգմանում են ուժ, արիություն, ելնելով բույսի խթանող հատկություններից, ոմանք էլ՝ զոհաբերություն, ելնելով այն բանից, որ հին հույների մոտ զոհարանում աստվածուհի Աֆրոդիտեի պատվին միշտ այրում էին ուրց։ Իսկ ընդհանրապես, մեր հեթանոս նախնիները ուրցով խունկ են ծխել աստվածների պատվին։ «Սերպիլլում» հունարեն նշանակում է սողացող։
Քիմիական Բաղադրությունը
Ամբողջ բույսը պարունակում է 0․5-1% եթերայուղ, որի բաղադրիչ մասը կազմում են թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բորնեոլը, ցինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառը նյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, պիգմենտ, սպիտակուցային նյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, մագնեզիում և այլն։ Ամբողջ բույսը պարունակում է 0․5-1% եթերայուղ, որի բաղադրիչ մասը կազմում են թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բորնեոլը, ցինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառը նյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, պիգմենտ, սպիտակուցային նյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, մագնեզիում և այլն։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը դանակով կամ մանգաղով, առանց արմատը հանելու, կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա՝ տանիքում կամ քամհարվող սենյակում։ Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում։ Այն կազմում է նախահումքի 25%-ը և պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի։ Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն՝ որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Հին եգիպտացիները, այլ միջոցների հետ խառնված, ուրցը օգտագործել են դիակներ զմռսելու համար։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը, քսելու ձևով, օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը՝ բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ) դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի և այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ փքահան է, հալում է ուռուցքները, օգնում դեղնուկին, զորություն տալիս ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ ուտելուց՝ օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում խուխը, դադարեցնում արյունախխումը, լավացնում մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։ Խառնված յուղի կամ գինու հետ, ուրցը բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում, մեղրաջրով՝ մաքրում է ստամոքը և լյարդը, վերացնում աղեխիթերը։ Բույսը կործանարար է ազդում լվերի և ոջիլների վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է բերում մեռած պտուղը արգանդից, գցում միզուղիների քարը։ Խառնված վարդի յուղի և քացախի հետ, քսելու ձևով, կտրում է գլխացավը, սպեղանու ձևով օգնում մեղվի խայթածին, սերմերը բացում են դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը։ Բժշկապետը դեղաբույսն առաջարկել է նաև որպես հակաբեղմնավորիչ միջոց։ Համաձայն իր մեջբերումների, Հիպոկրատը ուրցն օգտագործել է ակամա միզարձակության, Ըռուֆոսն՝ ատամնացավի, իսկ Էհանան՝ տղամարդու սեռական թուլության ժամանակ։ Ըստ Մարտիրոս Սեբաստիացու, ուրցը պայծառացնում է միտքը, ուժեղացնում զգայությունը, կտրում հազը, իսկ ըստ Կ․ Գաբիկյանի, այն օգնում է ականջի ցավին և մարսողությանը, լերդացավին, մեղրաջրով օգտագործելուց՝ բուժում է քոսը, մաշկի քորը և դեղնությունը։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի սպիրտային թորվածքը կիրառվել է սրտային և լյարդային հիվանդությունների ժամանակ, նշվում է, որ այն հակաբորբոքիչ է, վերացնում է բերանի վատ հոտը և փորկապությունը։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է նևրալգիաների, ստամոքսաաղիքային տրակտի սպազմի, վատ քնի, կապույտ հազի, արոմատիկ լոգանքի ձևով՝ ռևմատիզմի և նյութափոխանակության խանգարումների, կոմպրեսների ձևով՝ ուշաթափության ժամանակ և այլն։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմը նշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության և երիկամային ախտահարումների ժամանակ։ Ուրցն այստեղ համարում են արյունը մաքրող, միզամուղ և ստամոքսը կազդուրող միջոց։ Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում։ Ուրցի թեյը՝ մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթով ներշնչելու ձևով՝ հարբուխի ժամանակ։ Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալ ասթմայի, վատ ախորժակի, աղեփկանքի, դիսպեպսիաների, խոցային հիվանդության, լոգանքի ձևով՝ ռևմատիզմի, նյարդային և մաշկային հիվանդությունների, ողողման ձևով՝ անգինայի ժամանակ և այլն։ Գերմանիայում այն նշանակվում է հազի և վերքերի բուժման համար, Ֆրանսիայում՝ որպես հակասպաստիկ, հակաճիճվային , վերքամոքիչ, հյուսվածքների էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղ թթուներից առաջացած այրվածքների դեպքում։ Նշվում է նաև, որ բույսի թուրմը կանխում է երեխաների փորկապության առաջացումը։ Ավստրիայում ուրցը կիրառվում է գաստրիտների, աղեփկանքի և ճիճվակրության ժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումնային և ախտահարիչ միջոց։ Այստեղ գտնում են, որ դեղաբույսի երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջացնել վահանագեղձի հիպոֆունկցիա։ Լեհաստանում դեղաբույսը համարվում է որպես մանրէասպան, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակը լավացնող միջոց։ Այն լայնորեն կիռառվում է լյարդի և երիկամների հիվանդությունների, նևրալգիաների, հոդային ախտահարումների, բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի ժամանակ։ Արևմտաեվրոպական մի շարքերկրներում դեղաբույսն օգտագործում են գաստրիտների, համառ հազի, դաշտանային ցիկլի խանգարումների, գլխացավերի, գլխի մաշկի թեփոտության, մազաթափության, ռադիկուլիտի, հոդացավերի, անդամալուծության, էկզեմայի ժամանակ։ Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ ուրցը՝ խոտաբարձի ձևով դնելով գլխի տակ, քնելով վրան՝ առողջարար է և երկարացնում է կյանքը։ Գիտական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ և ցավը հանգստացնող միջոց և օգտագործվում է բրոնխիտների, վերին շնչուղիների կատառի, ռադիկուլիտների, միոզիտների և նևրիտների ժամանակ։ Այն մտնում է պերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը որպես խուխամուղ և հազը փափկացնող միջոց, օգտագործում են բրոնխիտների և վերին շնչուղիների բորբոքումների, իսկ երեխաների մոտ՝ նաև կապույտ հազի ժամանակ։ Ուրցից ստացվող թիմոլը ուժեղ հականեխիչ միջոց է։ Այն նշանակվում է ողողման ձևով՝ բերանի խոռոչի և բկանցքի ախտահարումների ժամանակ։ Դեղամիջոցը, ներքին ընդունման ձևով, կիրառվում է երիզորդային և մազագլուխ ճիճվակրության, թոքերի ակտինամիկոզի, աղեփկանքի, լուծերի, խմորման և նեխական բնույթի էնտերիտների ժամանակ։ Ստոմատոլոգիական պրակտիկայում թիմոլը համարվում է որպես դենտինը ցավազրկող միջոց և մտնում է այս նպատակով կիրառվող Գարտմանի հեղուկի բաղադրության մեջ։ Մաշկային հիվանդությունների պրակտիկայում թիմոլը կիրառվում է սնկային ախտահարումների, էկզեմայի, մարմաջի և բազմաթիվ այլ քորվող դերմատիտների ժամանակ։ Ուրցից ստացվող եթերայուղը համարվում է որպես հանգստացնող, խթանող և հակասպաստիկ միջոց։
Կիրառման եղանակները
Դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար 5 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրում՝ 3 անգամ։ Կամ 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, փակ ամանի մեջ ապա հովացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։ Կամ 1 ճաշի գդալ հումքը 1 լ ջրում եփել մինչև եռալը, հովացնել ու քամել, ապա ընդունել 1/2 բաժակ, օրը 4 անգամ՝ նևրիտների և ռադիկուլիտների ժամանակ։ Կամ 15 գ հումքը 20 րոպե թմել 1 բաժակ եռման ջրում, ապա ընպել 1-ական ճաշի գդալ՝ օրական 2-3 անգամ։ Կամ 10-15 գ հումքը 30 րոպե թրմել 1 լ եռման ջրում, հովացնել ու քամել, ապա օգտագործել թրջոցների ձևով՝ աչքի հիվանդությունների ժամանակ։ Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 4-6 անգամ։ Լոգանքի համար 100 գ հումքը 30 րոպե թրմում են 2 լ եռման ջրում, հետո ըստ պահանջի, ավելացնում լոգանքաջրին կամ օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1 դույլ եռման ջրում և օգտագործում լոգանքի ձևով՝ ռևմատիզմի, ռադիկուլիտի, նևրիտների, գեղձախտի, էկզեմայի և սալջարդերի ժամանակ։ Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը խառնում են 70 աստիճանի սպիրտի հետ, 1։5-ի հարաբերությամբ։ Այն ընդունում են 15-ական կաթիլ՝ օրական 3 անգամ։ Ոգեթուրմը հավասար չափով խառնելով մրջնասպիրտի հետ, քսում են ախտահարված հոդերին։ Ջրիկ մզվածք պատրաստելու համար 10 գ ուրցը 90 մլ եռման ջրում (կամ 2 թեյի գդալ հումք՝ 1/2 բաժակ եռման ջրին) եփում են այնքան, մինչև ջրի կիսվելը, խմում (լավ է մեղրով) 1-ական թեյի գդալ՝ օրական 3-4 անգամ։ Քսուք պատրաստելու համար 1 մաս բուսափոշին խառնում են 5 մաս վազելինի կամ 1 մաս ոգեթուրմը 4 մաս վազելինի հետ։ Պերտուսինը, որ պատրաստի բաց է թողնվում դեղատներում, մեծերն ընդունում են 1-ական ճաշի, իսկ փոքրերը՝ 1/2 -1 թեյի գդալ՝ օրական 3 անգամ։ Ժողովրդական բժշկության մեջ ալկոհոլիզմը բուժելու նպատակով վերցնում են 4 մաս ուրց, 1 մաս օշինդր և 1 մաս ոսկեհազարուկ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում 30 րոպե թրմելուց հետո հիվանդն ըմպում է միանվագ՝ օրական 3 անգամ, 2-3 ամիս տևողությամբ։ Սուր և խրոնիկական տրախեաբրոնխիտների ժամանակ վերցնում են 5-ական գրամ տատրակի տերև, խռնդատի ծաղիկ, անիսոնի սերմ, 10-ական գրամ փիփերթի և ինքնացան կակաչի ծաղիկներ, տուղտարմատ և ուրց, 25 գ մատուտակի արմատ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում մի քանի րոպե, քամում ու ըմպում 1 օրում՝ 3-4 անգամ։ Բրոնխիալ ասթմայի, կապույտ հազի, բրոնխիտների և բրոնխէկտազիաների ժամանակ վերցնում են հավասարաչափ՝ ուրց և տուղտարմատ։ Այս խառնուրդից 4 թեյի գդալ 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում մի քանի րոպե, հովացնում ու ըմպում 1 օրում՝ 3 անգամ։ Նույն նպատակով և նույն եղանակով ընդունում են իրար հավասարաչափ խառնված հետևյալ հավաքածուն՝ բաղկացած ուրցից, տատրակից, եռագույն մանուշակից, Հեղինեի կղմուխի արմատից և անիսոնի սերմերից։ Գաստրոկարդիալ սինդրոմի ժամանակ վերցնում են 30-ական գրամ ուրց, մեղրածուծ և ոսկեհազարուկ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում, ըմպում են կումերով՝ օրական 2 բաժակ։
Այլ օգտակար հատկանիշներ
Թարմ կամ չորացած ուրցով համեմում են լոբով և մսով ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն։ Ուրցը հիանալի մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար։ Եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրության մեջ, ինչպես նաև պարֆումերիայում։ Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող հատկություն։ Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցը բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա։ Բույսը դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր և ալպինարիաներ պատրաստելու համար։