Ալկալոիդները հիմնային բնույթի, ազոտ պարունակող օրգանական միացություններ են, հիմականում անգույն բյուրեղների ձևով: Ներկայումս հայտնի են 100-ից ավելի ալկալոիդներ, որոնք բույսերի մեջ գտնվում են օրգանական թթուների աղերի ձևով: Միևնույն բույսը կարող է պարունակել մեկ կամ բազմաթիվ ալկալոիդներ: Վերջիններս կենսաբանական ակտիվ նյութեր են, իսկ նրանց մի մասը` ուժեղ թույներ: Ալկալոիդներից կարելի է նշել ատրոպինը, մորֆինը, ստրիխնինը, պլատիֆիլինը, բերբերինը, էֆեդրինը և այլն:

Գլիկոզիդները ջրում և սպրիտներում լավ լուծվող, չեզոք, դառը համով, բյուրեղային, օրգանական նյութեր են, բաղկացած շաքարային(գլիկոն) և անշաքար(ագլիկոն) մասերից: Շաքարային մասը կազմում են գլյուկոզան, գալակտոզան և այլն, իսկ ոչ շաքարայինը` սպիրտները, ֆենոլները, ցիանհիդրինները, ստերոիդները կամ ծծումբ պարունակող միացությունների մնացորդները: Գլիկոզիդներից բուժական խոշոր նշանակություն ունեն դիգիտոքսինը, ստրոֆանթինը, ցիմարինը, լանտոզիդը և ալն: Գլիկոզիդների մի խումբ կազմում են սապոնիները, որոնք անգույն, ջրում և սպիրտներում այս կամ այն չափով լուծվող, իսկ եթերում, քլորոֆորմում, ացետոնում և բենզինում չլուծվող ստերոիդ կամ տրիտերպենային միացութուններ են: Ջրում թափահարելուց փրփրում են օճառի նման: Փոքր դոզաներով ունեն խուխամուղ, միզամուղ, օրգանիզմը տոնուսավորող, հակասկլերոտիկ, հիպոտենզիվ և այլ օգտակար հատկություններ:

Պոլիսախարիդները բարդ ածխաջրատներ են, որոնց կազմի մեջ մտնում են տարբեր տեսակի մոնոշաքարներ: Այս խմբի տիպիկ ներկայացուցիչներ են օսլան, թաղանթանյութը, ինուլինը, պեկտինային նյութերը, բուսախեժը և լորձը:

Օսլա մեծ քանակությամբ պարունակվում է ցորենի, բրնձի, եգիպացորենի, կորտոֆիլի մեջ: Այն լայնորեն կիրառվում է ցանափոշիներ, քսուքներ և հաբեր պատրաստելու պրակտիկայում: Բացի լիարժեք սնունդ լինելուց, այն դրական դեր է կատարում նաև մարսողական տրակտի հիվանդությունների և աթերոսկլերոզի բուժման ժամանակ: Օսլայից ստանում են գլյուկոզա:

Թաղանթանյութը կազմում է բուսական բջիջների պատող շերտը: Այն ակտիվացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժիչ ֆունկցիան, կանոնավորում նյութափոխանակությունը, նպաստում մի շարք վիտամինների սինթեզմանը և այլն:

Ինուլինը սպիտակ, քաղցրահամ փոշի է, լավ լուծվում է տաք, դժվար` սառը ջրում: Կուտակվում է բույսերի ստորգետնյա օրգաններում: Ինուլինով հարուստ են եղերդակը, Հեղինեի կղմուխը, խատուտիկը և այլն: Այն կիրառվում է շաքարախտի ժամանակ որպես շաքարի և օսլայի փոխմիջոց:

Պեկտինային Նյութերը ածխաջրատային պոլիմերներ են, հիմնականում բաղկացած են գալակտուրոնաթթվից, գալակտանից և արաբանից: Շաքարի և թթուների առկայությամբ առաջացնում են դոնդող: Կիրառվում են որպես օժանդակ նյութեր` էմուսիաներ և դեղահատեր պատրաստելու համար: Պեկտինային նյութերով հարուստ են տուղտի և մատատուկի արմատները:

Բուսախեժը բույսերից արտահոսող, անհամ, քաղցր կամ դառնահամ, անհոտ, ջրում լրիվ կամ մասնակի լուծվող, ամորֆ նյութ է: Ջրում ուռչելով, դառնում է սոսնձային: Ունի բարդ կառուցվածք` իր մեջ միավորելով կալիումական, կալցիումական և մագնեզիումական բարձր մոլեկուլային չեզոք աղեր, հեքսոզներ, պենտոզներ, մեթիլպենոզ և ուրոնաթթու: Կիրառվում է հաբեր և դեղահատեր պատրաստելու պրակտիկայում, ինչպես նաև որպես պատող և սոսնձող միջոց: Բուսախեժ պարունակվում է ծիրանենու, բալենու, շլորենու բնափայտերում, գազի(բույս) մեջ և այլն:

Լորձը, որը պարունակում է պենտոզաներ և հեքսոզաներ, իր բնույթով մոտ է խեժին: Այն լորձաթաղանթների վրա առաջ է բերում պահպանողական շերտ, որի շնորհիվ կիրառվում է մարսողական տրակտի և շնչուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ: Մեծ քանակությամբ պարունակվում է տուղտարմատի, խռնդատի, եզան լեզվի և այլ բույսերի մեջ:

Եթերայուղերը տեպենների ածանցյաններ են` ուժեղ հոտով և ցնդող հատկությամբ: Լավ լուծվում են սպիրտում, քիչ քանակությամբ` ջրում: ՈՒնեն ցավազրկող, ընդհանուր վիճակը և հազը հանգստացնող և այլ օգտակար հատկություններ: Արտահայտված մանրէասպան են, հականեխիչ և ճիճվամուղ: Լայնորեն հայտնի են անանուխի, խնկածաղկի, նորդոսի, եղեսպակի, վարդի և այլ դեղաբույսերի եթերային յուղերը:

Օրգանական թթուները մաքուր կամ աղերի հանդիպում են բույսերի գրեթե բոլոր մասերում: Տարածված են հատկապես խնձորաթթուն, կիտրոնաթթուն, թրթնջակաթթուն, քացախաթթուն և այլն: Ոչ հագեցած ճարպաթթուները դրականապես են անդրադառնում աթերոսկելորզի և այլ հիվանդությունների բուժման ընթացքի վրա: Օրգանական թթուները ակիտիվացնում են թքագեղձերի աշխատանքը, լեզվի և ենթաստամոքսային գեղձի հյութազատությունը, ունեն մանրէասպան հատկություն:

Հակաբիոտիկները օրգանական միացություններ են, ընդունակ դադարեցնելու մանրէների աճը կամ ոչնչացնելու նրանց: Բույսերի կողմից արտադրվող հակաբիոտիկների տիպիկ ներկայացուցիչները ֆիտոնցիդներն են: Ֆիտոնցիդային ուժեղ հատկություններով է օժտված սոխը, սխտորը, ղանձիլը, սրոհունդը, ոսկեհազարուկը, մեղվամուշկը, հազարատերևուկը և այլն:

Վիտամինները օրգանական կենսակտիվ միացություններ են, որոնց թիվը ներկայումս հասնում է 30-ի: Դեղաբույսերի մեծ մասը պարունակում է վիտամիններ, որոնք խոշոր դեր են խաղում տվյալ բուժամիջոցի ազդման մեխանիզմում:

Դաբաղիչ նյութերը անազոտ, արոմատիկ, միացություններ են, բազմատոմ ֆենոլների ածանցայներ: Ունեն տտիպ համ, թունավոր չեն: Կիրառվում են բորբոքումների, արյունահոսությունների, լուծերի, թունավորումների ժամանակ և այլն: Դաբաղիչ նյութերը շատ պարունակվում են կաղնու կեղևում, սրոհունդի, խնկածաղկի, օշինդրի, անթառամի, ձիաձետի և շատ այլ դեղաբույսերի մեջ:

Ներկանյութերը բարդ օրգանական միացություններ են, քիմիապես դեռևս քիչ ուսումնասիրված: Զգալի չափերով պարունակվում են բազմաթիվ դեղաբույսերի մեջ, ունեն մանրէասպան և ախտահանիչ հատկություններ:

Ամինաթթուները կազմում են սպիրտների բաղադրիչ մասը և ակտիվ դեր խաղում դեղաբույսերի բուժիչ ներգործության մեխանիզմներում:

Կուպրը ունի հաճելի հոտ, չի լուծվում ջրում, լավ լուծվում է օրգանական լուծիչներում: Օժտված է արտահայտված ֆիտոնցիդային հատկությամբ: Լայնորեն կիրառվում է քսուքներ և սպեղանիներ պատրաստելու նպատակով: Տիպիկ ներկայացուցիչներից են բալասանը և սաթը:

Ճարպայուղերը գլիցիրինի և հագեցած կամ չհագեցած ճարպաթթուների բարդ եթերներն են: Ջրում չեն լուծվում, լուծվում են սպիրտի մեջ: Մտնում են քսուքների, օծաներլիքների և օճառի բաղադրության մեջ, կիրառվում սպեղանի պատրաստելու համար, օժտված են արտահայտված մանրէասպան հատկությամբ: Լայն կիրառում ունեն որպես սննդանյութ, ինչպես և բուժական նպատակով` աթերոսկլերոզի և մարսողական տրակտի հիվանդություններւ բուժման ժամանակ: