Խատուտիկ դեղատու
Հայկական տարանունները
ակլատիզ, խմբաբա, խտուտ, կռբանջար, պուպու, քոչի խոտ
Դեղաբույսի Նկարագրությունը
Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 15 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է։ Տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են․ ծլունակությունը պահպանում 10-12 տարի։Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում․ մոլախոտ է, աճում է այգիներում, ցանքերում, խամահողերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։ «Տարաքսակում» անունը ունի հունարեն ծագում, որը նշանակում է հանգստացնող։
Քիմիական Բաղադրությունը
Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, սիտոստերին, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին,խեժ, կալիումական և կալցիումական աղեր։ Կաթնահյութը պարունակում է լակտոցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարգին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները՝ ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով, երբ թառամում են տերևները, կամ վաղ գարնանը։ Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութը կտրվի։ Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում՝ միջանցիկ քամու տակ։ Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35%-ը։ Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով՝ ծաղկման ընթացքում։ Բույսը անհոտ է, դառը համով։ Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն։ Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները և լերդային բծերը հեռացնելու համար։ Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը՝ ակնահատը բուժելու նպատակով։ Եփուկից պատրաստելով քսուք, նա խառնել է այլ միջոցների հետ և դրել արցունքագեղձի վրա՝ վերջինիս բորբոքումների ժամանակ։ Հյութը տվել է ըմպելու ստամոքսի սուր բորբոքումների, իսկ չորացրած տերևը՝ ստամոքսի թարախաբորբի ժամանակ։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը համարվել է կենսատու ըմպելիք, որը ընդունակ է արյունը մաքրելու և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող հատկություն։ Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-վիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփկանքի, փորկապության և թութքի ժամանակ։ Գերմանիայում, բացի վերը նշածից, արմատն օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ։ Ըստ Բեսլերի, մատղաշ տերևներն ու թարմ բուսահյութը օգտակար են դռներակի կանգային երևույթների, ռևմատիզմի, պոդագրայի և ավիտամինոզի ժամանակ, ինչպես նաև ծանր ինֆեկցիոն հիվանդություններից հետո։ Լեհաստանում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաև Ֆրանսիայում։ Այստեղ այն կիրառվում է լեղուղիների խրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ՝ որպես արյան մեջ խոլեստերինի քանակն իջեցնող միջոց։ Առաջարկվում է նաև օրվա մեջ ընդունել 50-100 գ թարմ բուսահյութ՝ որպես « արյունը մաքրող», օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և պոդագրայի բուժման նպատակով։ Ըստ Ն․ Գ․ Կովալևայի, խատուտիկի պատրաստուկները նվազեցնում են արյան գերհոսը դեպի լյարդ և լուծում են լեղաքարերը։ Նույն ցիտումով, Carnier-ը դեղաբույսն առաջարկում է որպես ընդհանուր կազդուրիչ և մարսողությունն ուժեղացնող միջոց, նշանակելով ամեն օր, 3-4 ցողուն՝ եփուկի ձևով։ Միջին ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը՝ գորտնուկների վերացման համար։ Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց։ Այն նշանակվում է վատ ախոժակի, ֆուրունուկլոզի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ։ Գտնում են, որ տերևները, ներքին ընդունման ձևով, ավելացնում են ծննդականի կաթը, նվազեցնում ինտոքսիկացիան օձի կծելու դեպքում, իսկ արտաքին ձևով՝ օգտագործում են վերքերի բուժման համար։ Չեխական բշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ։ ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, փորկապության և թութքի ժամանակ։ Համարվում է որպես մարսողությունը դրդող, թեթև լուծողական, «արյունը մաքրող» և խուխամուղ միջոց։ Տարբեր ժողովուրդների կենսափորձից նշվում է, որ դեղաբույսն ունի նաև արյունահոսությունը դադարեցնող, ճիճվամուղ, արյան կազմը լավացնող, քրտնամուղ, քնաբեր և հանգստացնող, գորտնուկները, ոտքերի կոշտուկները և սուսանակը բուժող հատկություններ։ Դեղաբույսն օֆիցինալ է աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ այն մտել է պետական ֆարմակոպեայի մեջ 1946 թվականից։ Գիտականորեն հիմնավորված են արմատի ախորժակը դրդող, փորկապությունը վերացնող և լեղամուղ հատկությունները։ Այն նշանակում են անորեքսիայի, անացիդ գաստրիտների, ասթենիկ վիճակի և բարձր ջերմության պայմաններում։ Արմատը մտնում է ախորժակաբեր և միզամուղ հավաքածուների բաղադրության մեջ։ Ամբողջ բույսից ստացված մզվածքը դեղատներում օգտագործվում է դեղահատեր ձևավորելու գործում։
Կիրառման եղանակները
Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ մանր կտրտված հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ՝ 30 րոպե ուտելուց առաջ, կամ 2 թեյի գդալ մանրացրած արմատը մութ տեղում թրմում են 8 ժամ 1 բաժակ սառը ջրում, ապա ըմպում օրվա ընթացքում 3-4 անգամ։ Ամբողջ բույսից ջրաթուրմ պատրաստելու համար 6 գ չոր հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ախորժակաբեր համար 3 թեյի մեջ պարունակվում է օշինդր, հազարտերևուկ և խատուտիկի արմատ՝ 2։2։1 հարաբերությամբ։ Այն ընդունում են թուրմի ձևով, 1-ական ճաշի գդալ, ուտելուց 10-15 րոպե առաջ՝ 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո։ Միզամուղ համար 6 թեյի մեջ հավասար չափով մտնում են գիհու պտուղներ, կեչու տերև, խատուտիկի արմատ։ Այն ընդունում են թուրմի ձևով, 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում 15 րոպե թրմելուց հետո։ Արմատից եփուկ պատրաստելու համար 30 գ հումքը 30 րոպե եփում են 1 լ ջրում և ըմպում կեսական բաժակ՝ օրական 2-3 անգամ, կամ 20 գ հումքը 10 րոպե եփում են 1 բաժակ ջրում, ապա ընդունում են 1/4-1/2 բաժակ՝ օրական 3-4 անգամ։ Միքստուրա պատրաստելու համար 100 գ թարմ արմատահյութը խառնում են 90 աստիճանի 15 մլ սպիրտի, 15 գ գլիցերինի և 17 մլ ջրի հետ։ Այն ընդունում են 1-ական ճաշի գդալ՝ օրական 2 անգամ։ Ամբողջ բույսը վերածելով փոշու, միանվագ ընդունում են 2-3 գ, իսկ արմատափոշին՝ դանակի ծայրով՝ օրական 3 անգամ։ Վերջինս, հավասար չափով խառնելով մեղրի հետ, օգտագործվում որպես քսուք։
Այլ օգտակար հատկանիշներ
Խատուտիկը շատ երկներում համարվում է որպես սննդային բույս․հաճախ աճեցնում են բանջարանոցներում և տերևներից պատրաստում սալաթ։ Այս նպատակով մատղաշ տերևները 30 րոպե թողնում են սառը աղաջրում՝ դառնությունը վերացնելու համար, ապա խառնում են քացախի և պղպեղի հետ և օգտագործում։ Ավելի հասուն տերևները խաշում են սպանախի նման և տապակում։ Աշնանը ուտում են արմատը, որը ինուլինի շնորհիվ բավականաչափ քաղցր է։ Բոված արմատը փոխարինում է սուրճին և եղերդակին, վաղահաս մեղրատու բույսերից մեկն է։ Խատուտիկի մեղրը ոսկեդեղնավում է, թանձր, շուտ բյուրեղացող, բնորոշ հոտով և սուր համով, միաժամանակ համարվում է արժեքավոր կերախոտ, հատկապես ճագարների համար։