Թանթրվենի սեվ։
Հայկական տարանունները
բոռքիչ, թանթրավենի, կտտկենի, շամբուկ, փորքիչ
Դեղաբույսի Նկարագրությունը
Այծատերևազգիների ընտանիքին պատկանող թուփ կամ մինչև 2-6 մետրի հասնող լայնասաղարթ ծառ է։ Տերևները բարդ են, բնորոշ տհաճ հոտով։ Ծաղիկները սպիտակ են, հոտավետ։ Պտուղները սև են, կլորավուն, հյութալի, պարունակում են 3-4 սերմ։ Ծաղկում է հունիսին, երբ ծառն արդեն տերևակալված է լինում, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Բույսի արմատը հողի մեջ խոր չի թափանցում։ Նախընտրում է բերրի և բերովի հողեր։ Բավականաչափ ջրասեր է, լավ դիմանում է երաշտին, սակայն ցրտի նկատմամբ զգաըուն է։Ստվերադիմացկուն է և արագ աճում է։Պտղակալում է ոչ կանոնավոր։ Բազմանում էսերմերով և կտրոններով, հեշտությամբ վերաճում է նաև կոճղերից դուրս եկած շիվերով։Առավելապես տարածված է հաճարենու անտառներում։Անունը ծագել է Իրանում տարածված եռալար երաժշտական գործիք սամբուկից, որը պատրաստում են թանթրվենու փայտից։
Քիմիական Բաղադրությունը
Ծաղիկները պարունակում են գլիկոզիդ սամբունիգրին, որը ճեղքվելով տալիս է կապտածնաթթու, բենզալդեհիդ և գլյուկոզա, այնուհետև C վիտամին, ռուտին, խեժ, եթերայուղ, կալցիումական աղեր, քլորածնային, կոֆեինային, վալերիանային թթուներ, խնձորաթթու և քացախաթթու։ Պտուղներում հայտնաբերված են վիտամիններ՝ C (մինչև 50%), E, կարոտին քրիզանթեմին, թիրոզին, դաբաղանյութեր, գինեթթու, խնձորաթթու, կարբոնաթթու, գլյուկոզա, ֆրուկտոզա։ Տերևներից անջատվել է սամբունիգրին, եթերայուղ, ալդեհիդներ, C վիտամին, կարոտին, ճյուղերի կեղևից՝ եթերայուղ, խոլին, ֆիտոստերին, իսկ սերմերից՝ ճարպայուղ։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործվում է ամբողջ բույսը, անգամ կեղևը և արմատները, սակայն հիմնականում՝ ծաղիկները և պտուղները։ Ծաղիկները հավաքում են չոր եղանակին՝ լրիվ բացվելուց հետո։ Դանակով կամ մկրատով կտրում են ամբողջ ծաղկաբույլը․քանի որ վերջինս շուտ փչանում է, արագ չորացնում են ստվերում, լավ քամահարվող տեղում, թղթի վրա, միաշերտ փռված վիճակում։ Պատրաստի հումքը պահում են չոր, քամահարվող տեղում՝ մառլայից պարկիկների մեջ։Ծաղկաբույլերը հավաքելիս երբեք պետք չէ կտրել ճյուղերը, որ չպակասի բույսի հաջորդ տարվա բերքատվությունը։Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, չորացնում են 30-35 աստիճանի պայմաններում։Չոր հումքը պահում են տուփի մեջ, 6 ամիս ժամկետով։ Դալար տերևները հավաքում են գարնանը, կեղևը՝ ամռանը։ Որպես դեղաբույս թանթրվենու մասին տվյալները կան Պլինիոսի գործերում։ Դեղաբույսը հայտնի է ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ և լուծող հատկություններով։ Թութքի բուժման նպատակով թարմ տերևը դրվել է ախտահարված տեղին՝ կոմպրեսի ձևով։ Պտուղները և արմատները, որպես միզամուղ և ընդհանուր կազդուրիչ, օգտագործվում են ջրգողության, շաքարախտի, դիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ։Ամիրդովլաթը նշում է, որ արմատը գինով եփած՝ ներքին ընդունման ձևով օգտակար է ջրգողությանը և գազանահարին, կանանց մոտ կբացի արգանդը, եթե լոգանք ընունեն, մազերը սև կներկվեն, եթե օծեն մազերը։ Թարմ տերևը՝ գարու արյունով, եթե սպեղեն դրվի բորբոքական ուռուցքի, շան կծածի, այրվածքի և խուղակի, տալիս է դրական արդյունք։ Տերևահյութը, ներքին ընդունման ձևով, օգնում է կոտրվածքին և սալջարդին։Հայկական ժողովրդական բժիշկների տվյալներով, թանթրվենու ծաղիկները, որպես քրտնամուղ և միզամուղ միջոց, օգտակար են ուրեմիայի ժամանակ, բարորակ են ներգործում ձայնի խզման և խռպոտման դեպքերում։ Ծաղիկների եփուկը թրջոցալաթի ձևով դնում են ցավող ականջին, ռևմատիկ և պոդագրիկ բնույթի ախտահարված հոդերի վրա։ Կարմիր քամով ախտահարված մաշկին դնում են քերված կեղևի ջրաթուրմը, որը պատրաստում են կանեփի սերմերի կաթնահյութով։Մատղաշ տերևները կաթի մեջ թեթևակի խաշելուց հետո դնում են պառկելախոցի, բորբոքական օջախների, հատկապես թութքահանգույցների վրա։ Չեխական բժշկության մեջ պտուղների հյութը օգտագործում են եռորյակ և գոտկասրբանային նյարդերի բորբոքման ժամանակ։Բացի քրտնամուղ և միզամուղ լինելուց, ծաղիկներն ունեն նաև պատող, թեթևակի ախտահանող, ջերմ իջեցնող և հակաբորբոքիչ հատկություն։Բացի ցրտառատ հիվանդություններից, դրանք օգտագործում են նաև լյարդի ախտահանումների դեպքում՝ որպես լեղամուղ։Ծաղիկները մտնում են քրտնամուղ, լուծողական և կոկորդային հավաքածուների մեջ։ Հիմնավորված է, որ ծաղիկների պատրաստուկները նպաստում են բրոնխներում կուտակված թանձր խուխի ջրիկացմանը և նրա արտազատմանը։Թբիլիսիյի գիտահետազոտական ինստիտուտից մեկում ծաղիկների մզվածքը՝ 10-15-ական մլ օրական 3 անգամ տրվելէ սրտային և երիկամային ծագում ունեցող այտուցներով 30 հիվանդի։ Արդյունքը եղել է այն, ավելացել է հիվանդների միզածորումը, նվազել մեզի տեսակարար կշիռը, պակասել կամ լրիվ վերացել են այտուցները։ Դեղաբույսի կիրառումից ոչ ցանկալի, կողմնակի երևութներ չեն նկատվել։Դեղաբույսի ծաղկաբույլերը օֆիցինալ են աշխարհի 36 երկրներում։Ծաղիկների թուրմն օգտագործելով մեղրի հետ, ավելի է բարձրանում թուրմի քրտնամուղ, ջերմիջեցնող, հակառևմատիկ և այլ օգտակար հատկությունները։ Ըստ որում՝ արմատն իր միզամուղ և քրտնամուղ արդյունքով զգալի չափով զիջում է ծաղիկներին և տերևներին։
Կիրառման եղանակները
Ծաղիկներից թուրմ պատրաստելու համար 20գ հումքը թրմում են 20 րոպե 1 լ եռման ջրում, հովանալուց հետո ըմպում 1-ական բաժակ՝ օրը 3 անգամ, կամ 2 թեյի գդալ ծաղկահումքը փոշի վիճակում 1 բաժակ եռման ջրում 10 րոպե թրմելուց հետո քամում են և ըմպում օրվա մեջ 3 անգամ։ Պտուղներից ու տերևներից սառը ջրի մեջ, թողնում ամբողջ գիշերը և առավոտյան քիչ տաքացնելուց հետո ըմպում միանվագ։ Թարմ ծաղիկներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ կտրատված հումք, 20 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում և ապա ըմպում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, կամ 5-15 գ մանր կտրատված ծաղկահումքին ավելացնում են 200մլ եռման ջուր, թրմում 20 րոպե, քամում, պահում սառը տեղում և ըմպում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ՝ ուտելուց առաջ, կամ 20 գ չոր հումք 200մլ եռման ջրում թրմում են կես ժամ, ապա ըմպում 2-ական ճաշի գդալ՝ 3 ժամը 1 անգամ։Կեղևից ջրիկ մզվածք պատրաստելու համար մանր կտրատված հումքը հավասար քանակով ջրի մեջ եռացնում են մինչև ծավալով կիսվելը, ապա ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրը 2-3 անգամ՝ ուտելուց հետո։Արմատից և կեղևից եփուկ պատրաստելու համար ամեն մի հումքից վերցնում են 15-ական գրամ և 20 րոպե եռացնում 1լ ջրի մեջ, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ՝ երիկամային հիվանդությունների, ջրգողության և շաքարախտի ժամանակ, կամ կեղևից եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 30 րոպե եռացնում են 200մլ ջրում, հովացնում ու ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, մեղրի հետ, կամ վերցնում են մատղաշ ճյուղերի կեղև՝ 9-12գ, իսկ եթե կեղևափոշի՝ 6-7գ, լցնում 3 բաժակ եռման ջրի մեջ, շոգեխաշում ջեռոցում 5-6 ժամ, իսկ փոշու դեպքում՝ 2-3 ժամ, ապա ըմպում կեսական բաժակ, օրական 5-6 անգամ՝ սկսվող ջրգողության ժամանակ։ Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20գ չոր հումքը 1 բաժակ եռման ջրում եռացնում են 10 րոպե, ավելացնում մեղր ու ըմպում 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ։ Տերևներից և արմատից եփուկ պատրաստելու համար հավասար չափով իրար խառնված հումքից վերցնում են 20գ, 1 բաժակ ջրի մեջ եռացնում 20 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, մեղրով։Որովայնի տարբեր բնույթի ցավերի ժամանակ պատրաստում են մեղրով թեյ՝ 1,5 լիտր ջրին ավելացնելով 15-ական գրամ թանթրվենու ծաղիկ, անանուխ, հազարատերևուկ և քիչ քանակությամբ մանրացրած կոճապղպեղ։ Խառնուրդը եռացնում են 10 րոպե, ապա ըմպում կեսական բաժակ՝ օրական 6 անգամ։ Պտուղներն օգտագործում են նաև թեյի, կիսելի, պովիդլոյի, մուրաբայի կամ օշարակի ձևով։
Այլ օգտակար հատկանիշներ
Հասուն պտուղները համեղ են ու պիտանի ուտելու համար։ Ծաղիկներն ու պտուղներն օգտագործում են լիկյորի և կոնյակի արտադրության մեջ, պարֆյումներում, դրանցով գինուն տալիս են մշկընկույզի համ ու հոտ, իսկ խմորին՝ նշի հոտ։Պտուղները սուպի մեջ օգտագործում են որպես համեմունք․ դրանցից պատրաստում են թանաք, հատուկ ներկ, որով գույն են տալիս սննդամթերքներին։ Եվրոպայում թանթրվենին դեկորատիվ նպատակով աճեցվում է պուրակներում, զբոսայգիներում և այլուր։ Բնափայտը շատ թեթև է ու ամուր, օգտագործվում է մանր իրեր ու գործիքներ պատրաստելու համար, միջուկն օգտագործվում է մանրադիտակային քննության տեխնիկայում։ Փայտը լավ դիմանում է խոնավությանը, օգտագործվում է խաղողի այգիներում՝ հենարանի նպատակով, իսկ լավ հղկված փայտը՝ ժամացույցների փայտյա մասերի արտադրության մեջ։ Թանթրվենու հոտը բնակարաններից վանում է ուտիճներին ու փայտոջիլներին։ Պտուղները կերի հրաշալի պաշար են թռչունների համար, իսկ բույսը պիտանի է հեղեղատների ամրացման գործում։ Այն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն և ոչնչացնում է մի շարք հիվանդագին մանրէների։ Պտուղներից ստացվող ներկը մետաքսը ներկում է կարմիր և ձիթապտղագույն։