Մասրենի։

Հայկական տարանունները

ակռվուկ, մասպար, մասրավարդ, մասուրա, վայրի վարդ, փշավարդ

Դեղաբույսի Նկարագրությունը

Վարդազգիների ընտանիքին պատկանող, մինչև 2 մ բարձրության թուփ է։Ունի փայտանման ամուր, չոր փշերով ծածկված, կանաչ դարչնագույն կամ գորշ շիվեր։ Տերևները հերթադիր են, բարդ, փետրաձև, ծաղիկները խոշոր են, երկսեռ, դուրեկան հոտով, սպիտակ, կարմիր, վարդագույն կամ դեղին։ Պտուղը իլիկաձև է, տանձաձև կամ ձվաձև, խակ վիճակում կանաչ, իսկ հասունանալուց հետո՝ կարմիր կամ նարնջակարմիր։ Այն կեղծ բազմակտիկ կամ բազմաընկուզիկ է։ Ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Բազմանում է սերմերով և արմատաշիվերով։ Բավականաչափ ցրտակայուն է, լուսասեր, չորակայուն, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ։ Աճում է մեր հանրապետության անտառներում, թփերի մեջ, արտեզրերին, գետահովիտներում, լեռնալանջերին, գլխավորապես Մեղրու, Գորիսի, Ստեփանավանի, Մարտունու, Եղեգնաձորի, Իջևանի, Դիլիջանի, Շամշադինի, Նոյեմբերյանի և այլ շրջաններում, տեղ-տեղ տալով ընդարձակ բուսուտներ։ Ունի շատ տարատեսակներ․ մեր հանրապետությունում՝ մինչև 31 տեսակ, որոնց գերակշռող մասը, ըստ Ս․ Յա․ Ջոլոտնիցկայայի, պարունակում է 1% -ից ավելի C վիտամին։ Դրանք բոլորն էլ ունեն այս կամ այն չափի բուժական նշանակություն։ Մասրենին բոլոր մշակովի վարդերի նախահայրն է։

Քիմիական Բաղադրությունը

Պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ՝ P, B1, B2, K, E, պրովիտամին A , մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, լիկոպին, ֆլավոնոիդներ (կվերցետին, կեմպֆերոլ, իզոկվերցիտրին), անտոցիանային, պեկտինային և դաբաղիչ նյութոր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, մանգամ, ֆոսֆոր և երկաթ։ Սերմերում հայտնաբերված է կարոտին, E վիտամին, ճարպայուղ, օլեինաթթու, լինեոլաթթու և կարծր թթուներ։ Տերևները, կեղևը և արմատը պարունակում են մեծ քանակությամբ դաբաղանյութեր։ Երկաթի պարունակությամբ պտուղներն անհամեմատ գերազանցում են հաղարջին, ազնվամորուն, տանձին, խնձորին, կիտրոնին, նարնջին և շատ այլ հատապտուղների ու մրգերի։

Բուժական Նշանակությունը

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են պտուղները, որոշ չափով նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Պտուղները հավաքում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ դրանք արդեն կարմրած են, բայց ոչ փափկած, չորացնում են արևի տակ կամ վառարանում, պահում փայտե տուփերի մեջ՝ 2 տարի ժամկետով։ 100 կգ թարմ պտուղներից ստացվում է 32-42 կգ չոր հումք։ Ցրտահարված պտուղները ինչ-որ չափով կորցնում են իրենց լիարժեքությունը։ Տերևները հավաքում են բույսի ծաղկման ընթացքում չորացնում հով տեղում՝ միջանցուկ քամու տակ։ Նույն ձևով չորացնում են ծաղիկները։ Դեռևս իր ժամանակին Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են, իսկ միջնադարում լայնորեն օգտագործում էին արյունախխումների ժամանակ։ Ավիցեննան քթային արյունահոսության ժամանակ մասրենու տերևները խառնել է այլ դեղաբույսերի հետ, փոշու ձևով ներփչել քթի խոռոչ, իսկ ծաղիկների հյութը, թրջոցալարի ձևով, նշանակել է գարշահոտ հարբուխի (օզենայի) դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփված, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում առաջ են բերում փորկապություն և միզակապություն։ Եփուկը՝ լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդություններին։ Լեհաստանում, Գերմանիայում և Բուլղարիայում պտուղներն օգտագործվում են վիտամինային թեյի ձևով՝ օրգանիզմի ուժերը պահպանելու նպատակով, ինչպես նաև որպես թեթև միզամուղ միջոց։ Չինական բժշկության մեջ արմատները համարվում են որպես ախորժակը լավացնող և ճիճվամուղ միջոց։ Տիբեթական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են թոքային պալարախտի, նևրասթենիայի և աթերոսկլերոզի ժամանակ։ Նորվեգիայում բույսի տերևները դնում են էկզեմայով ախտահարված մաշկի վրա։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ պտուղները, եփուկի, թեյի և կիսելի ձևով տալիս են ինֆեկցիոն մի շարք հիվանդությունների, թոքային պալարախտի, երիկամային, լյարդի և ստամոքսաաղիքային տրակտի ախտահարումների ժամանակ։ Գտնում են, որ երիկամաքարային հիվանդության դեպքում պտուղների պարբերաբար ընդունումից լուծվում են քարերը։ Սիբիրի ժողովրդական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են մի շարք ցրտառական հիվանդությունների, մեղրով եփած ծաղկաթերթիկները՝ կարմիր քամու, իսկ արմատի եփուկը լոգանքի ձևով ոտքերի հիվանդությունների ժամանակ։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ պտղաթեյը նշանակում են քութեշի, տիֆի, նեֆրիտների, էնտերոկոլիտների ժամանակ, ինչպես նաև կանանց՝ ծննդաբերության ժամանակ։ Ըստ Մ․ Ա․ Նոսալի, պտուղները հուսալի միջոց են խոցային հիվանդության, թերսեկրետոր գաստրիտների, անեմիաների, ցիստիտների, հեպատիտների, լեղաքարային և միզաքարային հիվանդությունների ժամանակ։ Հեղինակի տվյալներով, տերևների թուրմը լավացնում է ստամոքսի շարժիչ ֆունկցիան, հանգստացնում ցավերը, կտրում լուծը։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկն օգտագործում են լոգանքի ձևով՝ հետանցքի ցավերի և թութքի, իսկ Ադրբեջանական ժողովրդական բժշկության մեջ՝ հոդային ախտահարումների և ռադիկուլիտի ժամանակ։ Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ մասրենու պատրաստուկներն օգտագործում են մկանային թուլության, անդամալուծության, մալարիայի, լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, ստամոքսային ցավերի, մաշկի թարախային ախտահարումների ժամանակ և այլն։ Ըստ Ա․ Ալտիմիշևի, մասրենու պտուղները համարվում են հիանալի հակալնդախտային միջոց, միաժամնակ օգտագործվում են աթերոսկլերոզի, հեպատիտների, խոլեցիստիտների (հատկապես թերլեղարտադրության պայմաններում) , ծերունական տկարության, գաստրիտների, խոցային հիվանդության և արգանդային արյունահոսությունների ժամանակ։ Ն․ Գ․ Կովալևայի տվյալներով, դեղաբույսը դրականորեն է ներգործում նյութափոխանակության խանգարումների, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, անացիդ գաստրիտների և խոցային հիվանդության ընթացքի վրա։ Նշվում է մուգ մասրաթեյի դրական ներգործությունը համառ գլխացավերի դեպքում։ Պատրաստուկների պարբերաբար ընդունումից նա նկատել է աշխատունակության, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, հատկապես երեխաների մոտ։ Մասուրի կանոնավոր օգտագործումը, հատկապես ձմռան և վաղ գարնան ամիսներին, կանխում է հիպովիտամինոզը և նրա հետ կապված օրգանիզմում առաջ եկող մի շարք շեղումներ։ Գիտական բժշկության մեջ պտուղները լայն կիրառում ունեն։ Պարզված է նրանց հակալնդախտային, լեղամուղ, հակասկլերոտիկ, հակաբորբոքիչ, միզամուղ, ֆիտոնցիտային, մածող, վիտամինային և ի շարք այլ օգտակար հատկությունները։ Դեղատներում պտուղները բաց են թողնվում չորացրած վիճակում՝ օշարակի, վիտամինացված օշարակի, հաբերի, վիտամինային թեյերի, կորոտոլինի, գալասկորբինի և սերմերից ստացվող յուղի ձևով։ C վիտամինը, որի օրվա պահանջը հասուն մարդու համար 50 մգ է, ունի վերականգնող, օրգանիզմի կատալիտիկ պրոցեսներն ակտիվացնող, պրոտոպլազմայի և կորիզի կեսական փոխադարձ երևույթներն ուժեղացնող հատկություն։ Այն, օպտիմալ դոզաներով (15մգ/կգ քաշին), խթանում է արյունաստեղծ ապարատը, ուժեղացնում լեյկոցիտների ֆագոցիդային ընդունակությունը և լայնորեն կիրառվում է լնդախտի, հեմոռագիկ դիաթեզների, հեմոֆիլիայի, քթային, թոքային, արգանդային, ստամոքսաաղիքային արյունահոսությունների, արյունազեղումներով ընթացող ճառագայթային հիվանդության, հակամակարդուկներով թունավորման, բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների, հեպատոխոլեցիստիտների, Ադիսոնյան հիվանդության, երկարատև չբուժվող վերքերի և խոցերի, ոսկրային կոտրվածքների, արտադրական թույներով թունավորման ժամանակ և շատ ու շատ այլ դեպքերում։ Սակայն դեղորայքի մեծ դոզաները (50 մգ/կգ քաշին) փորձնական պայմաններում առաջ են բերել օրգանիզմի դիմադրողականության ճնշում, անեմիա, լեյկոցիտների ֆագոցիտային ակտիվության նվազում, ենթաստամոքսային գեղձի ինսուլինային ապարատի ֆունկցիոնալ ընկճում, մակերիկամների ֆունկցիոնալ գրգռվածություն, կորտիկոստերոիդների քանակական ավելացում, երիկամային ֆունկցիոնալ շեղումներ։ Այն, ընդհանրապես հակացուցված է թրոմբոզների ժամանակ։ Սակայն, ինչպես մասրենու պտուղների, այնպես էլ նրա բաղադրիչ մասը կազմող C վիտամինի մեծ չափերով օգտագործումը վնասակար է օրգանիզմի համար, իսկ օպտիմալ դոզաները տեղին կիրառելիս գրեթե միշտ լավ արդյունք են տալիս։ Այսպես, Ա․ Վ․ Բուկովսկայայի տվյալներով, 200-500 մգ C վիտամին 10 օրվա ընթացքում ներարկելով պսակաձև զարկերակների աթերոսկլերոզով ախտահարված հիվանդներին, առաջ է եկել արյան մեջ խոլեստերինի քանակի արտահայտված իջեցում, հիվանդների ինքնազգացման լավացում։ C վիտամինի օրվա պահանջը կարելի է լրացնել 1-3 մասուրով․ պտուղների մեջ պարունակվող այս կարևոր վիտամինով մասուրը 10 անգամ գերազանցում է սև հաղարջին, 100 անգամ խնձորին։ C վիտամինի պակասը օրգանիզմում շատ հաճախ է լինում։ Այսպես, ընդհանուր տկարություն, ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ դյուրընկալություն, լնդերի փխրունություն և արյունահոսություն, բորբոքում, խոցակալում և այլն, հատկապես ձմռան և վաղ գարնան ամիսներին, հաճախ լինում է C վիտամինի պակասից, որի պահանջը հղիների, կերակրող մայրերի և ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների համար, նորմայի համեմատությամբ, գրեթե կրկնապատիկ է։ Ս․ Դ․ Վեզիրը և Վ․ Ն․ Գրուշան խոցային հիվանդներին թթվածնային կոկթեյլի ձևով, այլ դեղաբույսերի հետ խառնված, նշանակել են նաև մասրահյութ։ Ըստ հեղիկնակների, նորմալացել են հիվանդների ստամոքսի շարժիչ, թթվարտադրման և պեպսինազատման ֆունկցիաները։ Կարոտոլինը մասրենու մասրենու պտուղների փափուկ մասից ստացվող կարոտինոիդների յուղային մզվածքն է, որը պարունակում է տոկոֆերոլ, չհագեցած ճարպաթթուներ և այլն։ Այն յուրահատուկ հոտով և համով նարնջագույն հեղուկ է։ Օգտագործվում է տրոֆիկ խոցերը, էկզեմաները, լարձաթաղանթի ատրոֆիկ փոփոխությունները, թեփոտվող և շերտազատվող էրիթրոդերմիաները բուժելու համար՝ վիրակապային քսուկի ձևով։ Բաց է թողնվում 100-250 մլ սրվակներով։ Մասուրի յուղը սերմերի արտամզվածքն է, որը հարուստ է հագեցած և չհագեցած ճարպաթթուներով, կարոտինոիդներով և տոկոֆերոլով։ Գորշ գույնի, կանաչ երանգի, դառնահամ, բնորոշ հոտով յուղային այս հեղուկը արտաքին ձևով օգտագործվում է ստնտու կանանց պտուկների քերծվածքների և ճաքվածքների դեպքում, պառկելախոցերի, սրունքի տրոֆիկ խոցերի, դերմատոզների, գարշահոտ հարբուխի, իսկ հոգնայի ձևով՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի ժամանակ։ Այն բաց է թողնվում 100-250 մլ սրվակներով։ Գալասկորբինը ասկորբինաթթվի և գալաթթվի կալիումական աղերի միացությունն է՝ ջրում հեշտ լուծվող, դեղնադարչնագույն, ամորֆ փոշու ձևով։ Դեղամիջոցի ջրային լուծույթները, թրջոցալաթի ձևով, դրվում են այրվածքների, մաշկի ճառագայթային ախտահարված օջախների և ճաքվածքների վրա։ Այն բաց է թողնվում նաև դեղահամբերի ձևով։ Մասրենուց ստանում են նաև խոլոսաս, որը պտուղների թանձր ջրամզվածքի և շաքարի խառնուրդն է։ Բաց է թողնվում 250 միլիլիտրանոց սրվակներով։ Պտուղների փոշին, 0,1 դոզայով, մտնում է դեղատներում բաց թողնվող բարդ փոշու բաղադրության մեջ, որն օգտագործվում է որպես լուծողական։ Պտուղները կազմում են նաև Տրասկովի հակաասթմատիկ միքստուրայի բաղկացուցիչ մասերից մեկը։

Կիրառման եղանակները

Պտուղներից թուրմ պատրաստելու համար 40-50 պտղահատիկ 1 ժամ թրմում են 1 լ եռման ջրում և ըմպում օրվա ընթացքում, կամ 10 գ պտուղ 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ըմպում 1/4-1/2 բաժակ՝ օրական 2 անգամ։ Երեխաներին այս թուրմը տալիս են կես դոզայով, կամ 1 ճաշի գդալ (20 գ) մանր փշրված պտղահումքի վրա լցնում են 2 բաժակ եռման ջուր ու էմալապատ, փակ ամանով 15 րոպե դնում ջրային բաղնիք, որտեղից հանելով, թողնում թրմելու 24 ժամ, հետո քամում են ու ըմպում 1/4 -1/2 բաժակ՝ օրական 2 անգամ, կամ 20 գ հումքը 1 ժամ թրմում են 500 մլ եռման ջրում, այնուհետև քամում ու ըմպում՝ ուտելուց կես ժամ առաջ, 100-ական մլ, օրը 2 անգամ, կամ 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, ապա ըմպում 1/2-1 բաժակ՝ օրը 2 անգամ։ Երեխաներին տալիս են այս եփուկի կես դոզան։ Տերևներից թուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանգամից, որպես թեյ։ Արմատից թուրմ պատրաստելու համար, 2 ճաշի գդալ մանրացրած հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրական 3 անգամ։ Պտուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, ապա թրմում 4 ժամ, քամում ու ըմպում 1/2 բաժակ՝ օրական 2-3 անգամ, կամ պտուղները մանրացնելով վերածում են փոշու, որից վերցնելով 1 ճաշի գդալ, 3-4 բաժակ ջրի մեջ եփում են 8 րոպե, ապա ըմպում թեյի ձևով որպես վիտամինային խմիչք, կամ տրորված պտուղներից 1 թեյի գդալ (5գ) կես բաժակ ջրում եփում են 7-10 րոպե, հովանալուց հետո ըմպում օրական 2 անգամ, կամ 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, ապա թրմում 2-3 ժամ ու ըմպում 1/4-1/2 բաժակ՝ օրական 2 անգամ։ Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եփում են 20 րոպե, հովանալուց հետո օգտագործում են թրջոցների ձևով՝ աչքերի հիվանդությունների ժամանակ։ Արմատից եփուկ պատրաստելու համար 2 ճաշի գդալ մանր կտրտված հումքը 15 րոպե եփում են 200 մլ ջրում, ապա հովացնում և ըմպում 1-ական բաժակ՝ օրական 3 անգամ։ Բոլոր թեյերը օգտագործվում են եփուկի ձևով․ այսպես 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, ապա 4 ժամ թրմելուց հետո ըմպում են 1/2 բաժակ՝ օրական 2-3 անգամ։ Լյարդի ցիռոզների ժամանակ վերցնում են 2-ական սեզախոտի կոճղարմատ, մասուր և 1 մաս եղինջ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրական 3 անգամ։ Որպես վիտամինային միջոց վերցնում են 4 մաս մասուր և 5 մաս ազնվամորի։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնում են 2 բաժակ եռման ջրի մեջ ու եռացնում 10 րոպե, լավ փակված ամանի մեջ, 1 օր թողնում մութ տեղում, հետո քամում են ու ըմպում 1/2 բաժակ, օրը 2 անգամ՝ ուտելուց առաջ։ Ժողովրդական բժշկության մեջ հաճախ օգտագործվում է մասուրի լիկյորը, որը պատրաստում են հետևյալ կերպ․ 1 բաժակ պտուղը լավ մանրացնում են, ավելացնում 1,5 բաժակ շաքարավազ և 3 բաժակ օղի։ Այս խառնուրդը բերանը փակ ամանով, 5 օր թողնում են արևի տակ, հետո նորից ավելացնում 2 բաժակ օղի, նորից 5 օր պահում արևի տակ։ Վերջում խառնուրդը քամում են, ստացված լիկյորը օգտագործում 15-20 գ, օրական 2 անգամ՝ ուտելուց հետո։ Դեղատան բաց թողած պտուղներից պատրաստված օշարակը տալիս են երեխաներին 1/2 թեյի գդալ կամ 1 աղանդերագդալ՝ օրական 2-3 աբգամ, ուտելուց հետո։ Նույն ձևով տալիս են նաև պտուղների վիտամինացված օշարակը։ Պտուղներից պատրաստված հաբերը ընդունում են 1-ական՝ օրական 3-4 անգամ, իսկ խոլոսասն ըմպում են 1-ական թեյի գդալ՝ օրական 2-3 անգամ։

Այլ օգտակար հատկանիշներ

Բացի թարմ վիճակում օգտագործելուց, մասրենու պտուղներից պատրաստում են հյութ, վիտամինային օշարակ, պյուրե, մածուկ, կոմպոտ, կիսել, մուրաբա, պովիդլո, մարմելադ, իսկ սննդի արդյունաբերության մեջ՝ կոնցենտրատ, կոնֆետ, դրաժե։ Ծաղիկներից պատրաստում են մուրաբա, թրմօղի,գինի։ Դրանցով համեմում են գինին, լիկյորը, թեյը, քացաղը։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառում ունի պարֆյումերիայում և բժշկության մեջ։ Որպես վիտամինային շտեմարան, մասուրը շատ բարձր է գնահատվում հատկապես մեր երկրի հյուսիսային շրջաններում, ուր այն անվանում են հյուսիսային նարինջ։ Ֆրանսիայում մասուրից պատրաստում են հատուկ մուրաբա, միաժամանակ այն պահածոացվում է տուփերի մեջ։ Մասրաթուփը դեկորատիվ է, այն ունի նաև հողապաշտպան և հակաէրոզիվ նշանակություն։ Պտուղները միաժամանակ կեր են ձմեռող թռչունների համար։ Ծաղիկները մեղրատու են և պարունակում են առատ ծաղկափոշի։