Կաղնի

Հայկական տարանունները

լողփի, խոզկաղին, կաղնենի, հոշի, հոշկի, մատնկաղնի, շանկաղին, սարկաղնի

Դեղաբույսի Նկարագրությունը

Հաճարազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40 մ բարձրության, վիթխարի պսակով, հզոր բնով, տերևաթափ ծառ է։ Ունի հերթադիր, կոշտ, կտրտված, բլթակավոր կամ ատամնաեզր, թավուտ կամ մերկ տերևներ, մանր, միասեռ ծաղիկներ։ Պտուղը կաղին է, ամփոփված գավաթաձև պտղակալում։ Երիտասարդ ընձյուղների կեղևը հարթ է, գորշ ձիթապտղագույն կամ գորշ արծաթավուն։ Ծառը սկսում է ծաղկել 40-60 տարեկանից։ Ծաղկում է ապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Կաղնին ապրում է 500-600, իսկ առանձին դեպքերում՝ մինչև 1000-1500 տարի։ Բավականաչափ լուսասեր է, երաշտակայուն, ցրտադիմացկուն, իսկ հողի նկատմամբ՝ նվազ պահանջկոտ։ Մեր հանրապետությունում աճում են կաղնու միայն 5 տեսակ (վրացական, արևելյան, արաքսյան, երկարակոթուն և ոսկեգույն)։ Կաղնու առավել տիպիկ անտառներ հանդիպում ենք Լոռիում, Աղստևի հովտում, Գուգարաքի շրջանում և այլուր։ Ընդհանրապես անտառային տարածքներ ստեղծում են կաղնու վրացական և արևելյան տեսակները, որոնք էլ հիմնականում օգտագործում են բուժման նպատակով։ Ցեղի անունը՝ քվերկուս լատիներեն բառ է, որը նշանակում է գեղեցիկ ծառ։ Հին Հունաստանում այն նվիրված եր արևի, գիտության և արվեստի աստված Ապոլլոնին։

Քիմիական Բաղադրությունը

Մատղաշ ճյուղերի կեղևը պարունակում է 10-20% պիրոգալոլային խմբի դաբաղանյութեր, գալաթթու, էլլագաթթու, պենտոզան, պեկտին, կվերցետին, կվերցիտ, լևուլին, օսլա, լորձ, ֆլոբաֆեն, պտուղները՝ մինչև 40 % օսլա, 5-8 % դաբաղանյութեր, մինչև 5 % ճարպայուղ, շաքար և սպիտակուցային նյութեր, տերևները՝ կվերցիտրին, կվերցետին, դաբաղանյութեր և պենտոզան, բնափայտը` 4-6 % տանին։

Բուժական Նշանակությունը

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են մատղաշ բնի (տրամագիծը 10 սմ-ից ոչ ավելի) և ճյուղերի հարթ կեղևը, որոշ դեպքերում նաև պտուղները և տերևները։ Կեղևը հանում են ծառի հյութաշարժման ժամանակ, այսինքն՝ ապրիլից մինչև հունիս, կատարելով մոտ 30 սմ իրարից հեռու, օղակաձև կտրվածքներ, որոնք հետո ուղիղ գծով իրար են միացնում և անջատում կեղևը։ Այն չորացնում են անմիջապես արևի և միջանցուկ քամու տակ։ Պատրաստի հումքը պահում են պարկերի մեջ։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չորացնում արևի տակ։ Չորացած կեղևը դրսից գորշ մոխրագույն է կամ գորշավուն, ներսից՝ դեղնավուն կամ գորշ կարմրավուն, անհոտ, ուժեղ տտիպ համով։ Կաղնին որպես դեղամիջոց ունի կիրառման շատ հին պատմություն։ Հնդկական բժշկության մեջ այն կիրառվել է որպես օրգանիզմի ուժերը խթանող և էկզեման բուժող միջոց, իսկ արաբական բժշկության մեջ հիմնականում օգտագործվել է արմատի կեղևը՝ դիզենտերիայի ժամանակ։ Ավիցեննան պտուղների թուրմը ողողման ձևով օգտագործել է լնդերի բորբոքման և արյունահոսության, իսկ պտուղների հյութը կամ կեղևը՝ արյունախխման ժամանակ, որպես հակափսխեցուցիչ միջոց օգտագործվել է պտուղների փոշին։ Գալենը կաղնու պտուղները նշանակել է կալցիումական աղերի պակասով տառապող հիվանդներին։ Նույնը Հիպոկրատը և Ֆոլոսը նշանակել են ակամա միզարձակման և սակավ դաշտանի, Ապուճարեհը՝ ստամոքսացավի և լուծի ժամանակ։ Էհանան առաջարկել է նիքերի դեպքում աղիները լվանալ կաղնու կեղևի եփուկով։ Սապիթ Կուռանը և Սահակը կաղնու աղացած պտուղները խառնելով դինու և այլ դեղամիջոցների հետ տվել են միզակապության դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ կաղնու պտուղը (պալլուտ անվան տակ) օգտակար է սրսկվող վիժման ժամանակ արյունահոսությունը դադարեցնելու համար, այն օգնում է լնդերի և ատամների ցավին, արյունախխմանը, թոքի և կրծքի խոցերին։ Եփուկը, կոմպրեսի ձևով, բուժում է կրծքագեղձի բորբոքական ուռուցքը, ուժեղացնում ստամոքսի գործունեությունը, մաքրում այն, առաջ բերում փորկապություն, կտրում է դաշտանային արյունահոսությունը, վերացնում միզապարկի ատոնիան, դժվարամիզությունը, ավելացնում մերձավորությունը։ Տերևը դնում է խոցակալված վերքի վրա, խեժը կիրառում պիսակի դեպքում։ Պտուղներն այրելով, փոշին ցանում էտարածվող, իսկ բնափայտի մոխիրը՝ արյունահոսող վերքերի վրա։ Վերջինս խնձորի հյութով տալիս է ստամոքսային ցավերի, իսկ կեղևաթուրմը՝ լուծերի դեպքում։ Միաժամանակ նշում է, որ կեղևաթուրմը փայլ է տալիս մազերիննև ներկում սև գույնի։ Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ եթե պտուղը ծեծվի և դրվի թունավոր միջատների և սողունների կծածին, ապա վերանում է այտուցը։ Այն օգտակար է նաև բույսերից առաջ եկած թունավորումների և լնդերի բորբոքումների ժամանակ։ Պտուղն ունի փորը կապելու և աղիների խոցերը բուժելու հատկություն, իսկ տերևները, եփուկի ձևով, բուժում են ստամոքսի հիվանդությունները, դադարեցնում բերանից ջուր գնալը, ծեծված վիճակում դնում են վերքերի վրա։ Ըստ Հ․ Օղուլլուխյանի, կաղնուց ստացվող պատրաստուկներն օժտված են անոթասեղմիչ հատկությամբ։ Լեհաստանում կաղնու կեղևը համարվում է որպես արդյունավետ մածող միջոց և կիրառվում է միզուղիների հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների, թութքի և վերքերի բուժման նպատակով։ Բուլղարիայում կաղնու կեղևը հանրահայտ է որպես ստամոքսաաղիքային տրակտի կատառի, դիզենտերիայի, մաշկային որոշ հիվանդությունների, լնդերի բորբոքումների, վերքերի, արյունահոսող թութքի, կանանց սպիտակաթորանքի, անգինայի, բերանի վատ հոտի և ցրտահարված վերջույթների բուժման հուսալի միջոց։ Կեղևի եփուկը խառնելով կարմիր գինու հետ, տալիս են արյունահոսությունների, դիսպեպսիաների, առատ դաշտանի, միզապարկի բորբոքման, սւոսանակի ժամանակ և այլն։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կեղևի եփուկը լայնորեն կիրառվել է արյունային լուծի, խոլերիայի, ստամոքսային և աղիքային արյունահոսությունների, առատ դաշտաի, լնդախտի, ռախիտի, սնկային և ծանր մետաղների աղերով թունավորումների, լյարդի և փայծաղի հիվանդությունների, հատկապես պառկելախոցի ժամանակ և այլն։ Միջին Ասիայի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկները հայտնի են որպես ջերմ իջեցնող, ատամնացավը և լուծը դադարեցնող միջոց։ Կաղնու տերևներից և պտուղներից մեղրով թեյը հիանալի միջոց է թոքերի, ստամոքսի և լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում։ Ն․ Գ․ Կովալևան կաղնու կեղևը առաջարկում է նևրալգիաների և տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար։ Որոշ տեղերում կեղևի եփուկով բուժում են գլխի ճարպային սեբորեան։ Ժողովրդական բժշկության մեջ բուժական լայն կիրառում ունի կաղնու կաղնու պտուղներից պատրաստված սուրճը, որը նշանակվում է գեղձախտի և նյարդային ցնցումների ժամանակ։ Արյունահոսությունը դադարեցնելու և վերքերը բուժելու նպատակով դեղաբույսն օգտագործվում է նաև անասնաբուժական պրակտիկայում։ Բույսի տերևներն ունեն արտահայտված ֆիտոնցիդային հատկություն, հատկապես տիֆի, դիզենտերիայի և պալարախտի հարուցիչների նկատմամբ։

Կիրառման եղանակները

Կեղևից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 2 բաժակ սառը ջրում 8 ժամ թրմելուց հետո ըմպում են կեսական բաժակ՝ օրական 2-3 անգամ։ Կեղևից եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 200 մլ ջրում 10 րոպե եռացնելուց հետո հովացնում են, քամու և ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 2-3 անգամ, կամ այս եփուկը կրկնակի դոզայով օգտագործում են բերանի ողողումների համար, իսկ ավելի բարձր դոզայով (40 գրամ՝ 200 մլ ջրին)՝ այրվածքների ժամանակ, որի 1 մասը խառնվում է 4 մաս կարագի հետ։ Կոկորդի ողողման եփուկ պատրաստելու համար 10 գ կեղևը 10 րոպե եռացնում են 150 մլ ջրում, քամելուց հետո ավելացնում 2 գ ալյումինի շիբ և 15 մլ գլիցերին, կամ 4 ճաշի գդալ կեղևը 10 րոպե 2 բաժակ ջրում եռացնելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, կամ 50 – 100 գ հումքը 20 րոպե 1 լ ջրում եռացնելուց հետո գոլ վիճակում ոտքերը դնում են լոգանք՝ քրտնոտության դեպքում։ Այս եփուկը 1/3 հարաբերությամբ, օսլային հետ օգտագործվում է հոգնայի ձևով։ Արտաքին, ցանափոշու ձևով, օգտագործվում է կեղևից պատրաստված փոշին։ Ընդհանուր լոգանքի համար 500 գ կեղևը կես ժամ եռացնում են 3-4 լ ջրում, այնուհետև քամում ու ավելացնում են լողարանի ընդհանուր ջրին։ Կաղնու կեղևը օգտագործվում է խառնուրդների ձևով։ Այսպես, կոկորդի ողողումների ժամանակ այն հավասարաչափ խառնվում է տուղտարմատի և եղեսպակի հետ։ Այս խառնուրդից 1 թեյի գդալ 5 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա եռացնում ու օգտագործում, կամ վերցնում են կաղնու (20գ) և մատնունու կոճղարմատ (30գ)։ Այս խառնուրդից 2 թեյի գդալ 6 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում, լրիվ հովացնում ու տամպոնի ձևով օգտագործում քթային արյունահոսության ժամանակ, կամ հավասար չափերով խառնուրդ են կազմում կաղնու կեղևից, չորածաղկից և արջի խաղողից, որից վերցնում են 1 ճաշի գդալ՝ 2 բաժակ եռման ջրին, թրմում մի քանի ժամ և երեկոյան ըմպում 1 բաժակ՝ միզուղիների հիվանդությունների և մեզի հիմնային ռեակցիայի ժամանակ, կամ 10 գ կաղնու կեղևը խառնում են 25-ական գրամ հովվամաղախի, հազարատերևուկի և մատնունու կոճղարմատի հետ, որից վերցնում են 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրին, թրմում մի քանի ժամ և ըմպում առավոտյան ու երեկոյան, 1-ական բաժակ՝ առատ դաշտանի դեպքում, կամ 10 մաս կեղևին ավելացնում են նույնքան երիցուկ, 30 մաս եղինջ և 50 մաս ծտապաշար։ Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 30 րոպե եռացնում են 1 լ ջրում և օգտագործում հեշտոցային ներլվացումների համար, կամ հավասարաչափ իրար են խառնում կաղնու կեղև, խնկեղեգի կոճղարմատ, ուրց և ընկույզի տերևներ։ Այս խառնուրդից 1 թեյի գդալ 6 ժամ թրմումեն 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում ու ըմպում օրվա ընթացքում՝ լուծի ժամանակ, կամ 50 մաս կաղնու կեղևին ավելացնում են 20 մաս կատվախոտի արմատ և նույնքան ձիաձետ։ Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 6 ժամ թրմում են 1լ եռման ջրում և ընդունում լոգանք թութքի ժամանակ։ Կաղնու կեղևի, լորենու ծաղկի, խնկածաղկի, տուղտի արմատի, եղեսպակի, մոշի և սև թանթրվենու ծաղիկներից պատրաստում են խառնուրդ կոկորդի ողողման համար։ Այս բոլոր խառնուրդները բաց են թողնվում դեղատներում՝ պատրաստի վիճակում և օգտագործվում թուրմի ձևով։ Տրիխոմոնադային կոլիպտների ժամանակ կիրառվող Ն․ Գ․ Կովալևայի դեղատոմսի մեջ մտնում են 20-ական գրամ կաղնու կեղև, չորածաղիկ, կեչու տերև, եղեսպակ, երիցուկ, վաղենակ, 10-ական գրամ նարդոս, թխենու ծաղիկ և գնդածաղիկ։ Այս խառնուրդից 15 գ 1լ եռման ջրում եռացնում են 10 րոպե, թողնում 2-3 ժամ փափկելու համար, ապա քամում են և նշանակում հեշտոցային ներլվացումների ձևով, շաբաթը 2 անգամ՝ քնելուց առաջ։ Ռախիտի և գեղձախոտի դեպքում իր դեղատոմսն է առաջարկում Մ․ Ա․ Նոսալը։ Նա վերցնում է 20-ական գրամ կաղնու կեղև, խնկածաղիկ, խնկեղեգի արմատ, հազարատերևուկ, ավելացնում 40-ական գրամ սոճու ճյուղեր՝ ասեղնատերևներով, կատվալեզու, եռագույն մանուշակ, 1-ական կգ ցորենի թեփ, ծլած տարեկան և սև հաղարջի տերև։ Այս բոլորը լցնում են տոպրակի մեջ և եռացնում 30 րոպե 1 դույլ ջրում, որը հետո խառնում են ընդհանուր լոգանքի ջրին, որի մեջ նստելու է հիվանդը։ Կանանց սպիտակաթորանքի դեպքում նույն հեղինակը առաջարկում է հետևյալ խառնուրդը․ 20-ական գրամ կաղնու կեղև,մղամուճ, խուլ եղինջ, երիցուկ, վարդի թերթիկներ և հազարատերևուկ։ Այս բուլորը 30 րոպե եփում են 2լ ջրում, քամում և գոլ վիճակում օգտագործում հեշտոցային ներլվացումների համար։ Պառկելախոցի դեպքում պատրաստում են քսուք 1/2 հարաբերությամբ՝ կաղնու կեղևից և սև բարդու բողբոջներից, 7 մաս կարագի հետ։ Խառնուրդը գիշերը թեղնում են թույլ տաքացած վառարանում, առավոտյան 30 րոպե եռացնում մարմանդ կրակի վրա, ապա քամում և օգտագործում որպես քսուք։

Այլ օգտակար հատկանիշներ

Կաղնին ունի հողապաշտպան, ջրահավաք և ջրակարգավորիչ նշանակություն։ Շնորհիվ բնափայտի ամրության, օգտագործվում է նավաշինության, կահույքի արտադրության, ատաղձագործության և տնաշինության մեջ։ Նրանից պատրաստում են պարկետ, ֆաներա, հատկապես տակառ, որը խոշոր դեր է խաղում կոնյակի մշակման պրոցեսում։ Կաղնու պտուղները հիանալի կեր են ընտանի և վայրի կենդանիների ու թռչունների համար։ Պտողներից ստանում են օսլա։