Մանդիկ մսագույն
Հայկական տարանունները
հովվի գավազան, օձագալար, օձտակ
Դեղաբույսի Նկարագրությունը
Մատիտեղազգիների կամ հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող, 30-100 սմ բարձրության խոտաբույս է, բնորոշ օձաձև գալարներով, ուժեղ տտիպ համի կոճղարմատով։ Ցողունը մեկն է կամ բազմաթիվ, ուղղաձիգ, արմատամերձ տերևները երկարավուն են կամ նշտարաձև։ Ցողունային տերևները հերթադիր են, փոքր, ծաղիկները դալուկ վարդագույն են, բնորոշ դուրեկան հոտով։ Պտուղը ձվաձև, գորշավուն կամ կանաչ դարչնագույն սերմիկ է։ Ծաղկում է մայիս-հունիսի, իսկ պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։ Բույսը աճում է մեր հանրապետության ալպյան և ենթալպյան գոտիների խոնավ մարգագետիններում, ճահճուտներում,ջրամբարների շուրջը, առուների ափերին, նոսր անտառներում, բացատներում տորֆային հողերում և այլուր։
Քիմիական Բաղադրությունը
Արմատը պարունակում է մինչև 25 % դաբաղանյութեր, գալլաթթու, էլլագաթթու, կատեխին, օքսիմեթիլանտրախինոն, մինչև 25,5 % օսլա, կարոտին, ներկող նյութեր, օքսալատներ,քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, քրում, մանգան, երկաթ, ալյումին։ Ծաղիկներում հայտնաբերված է C վիտամին՝ մինչև 747, տերևներում՝ 722, կոճղարմատում՝ 132 մգ %։ Վերգետնյա մասում հայտնաբերված են ֆլավոնային գլիկոզիդներ, հիպերոզիդ, կոֆեինաթթու, քլորոգենաթթու, պրոտոկատեխաթթու։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով գլխավորրապես օգտագործվում է կոճղարմատը, իսկ ժողովրդական բժշկության մեջ՝ նաև բույսի վերգետնյա մասը։ Կոճղարմատը մթերում են սեպտեմբեր- հոկտեմբեր անիսներին, երբ թառամում է բույսի վերգետնյա մասը, կամ, կամ վաղ գարնանը։ Կոճղարմատը բահով կամ քլունգով հանելուց հետո մաքրում են հողից, լվանում ջրով, ամբողջական կամ կտրտված վիճակում չուրացնում արևի տակ։ Չոր հումքը, որ պիտանի է օգտագործման շուրջ 6 տարի, հոտ չունի, բնորոշ է ուժեղ տտպող համով, արտաքինից մուգ գորշավուն է, իսկ կտրվածքում՝ գորշ վարդագույն։ Ըստ որում՝ բույսի վերաճի ապահովման համար թույլատրվում է նույն տեղից մթերել 8-10 տարին մեկ անգամ, իսկ կոճղարմատները հանելիս անհրաժեշտ է մանրերը թողնել հողում։Դեղաբույսի մասին նշել են դեռևս Հիպոկրատը, Դիոսկորիդը և Գալենը։ Ավիցեննան տերևների եփուկը խառնելով այլ դեղամիջոցների հետ օգտագործել է գլխացավերի ժամանակ՝ ներքին ընդունման և գլխի փաթաթումների ձևով։ Կոճղարմատը լայնորեն օգտագործել է անքնության, աչքերի որոշ հիվանդությունների, թոքային պալարախտի, ականջի և լեզվի սուր բորբոքումների, անգինայի, քթային արյունահոսության, արյունախխման, արյունային փսխման ժամանակ և այլն դեպքերում։ Մ․ Հերացին բույսի կոճղարմատը (հովվի բիր կամ բրսի անդարու անվանումների տակ) լայնորեն օգտագործել է բազմատեսակ արյունահոսությունների և լուծերի, արգանդի, ականջի և այլ օրգանների թարախային բորբոքումների ժամանակ։ Կուճղարմատով բուժել է բորբոքային ուռուցքները։ Ուժեղ լուծի ժամանակ աղիների խոցակալումը կանխելու նպատակով բժշկապետը բույսի կոճղարմատը խառնել է եզան լեզվի և այլ դեղաբույսերի հետ և օգտագործել հոգնայի ձևով։ Քսուքի ձևով կոճղարմատն օգտագործել է ֆլեգմոնայի դեպքում, իսկ բարձր ջերմերի ժամանակ առաջ եկած գլխացավը բուժելու նպատակով գլխի վրա կոմպրեսներ է դրել։ Ամիրդովլաթը դեղաբույսը օգտագործել է բոլոր տեսակի արյունահոսությունների, լուծերի, արգանդի և միջին ականջի, ինչպես և այլ օրգանների թարախային արտադրությունների և բորբոքական ուռուցքների ժամանակ։ Մ․ Ա․ Նասոլի նշումով, ուկրանիական ժողովրդական բժշկության մեջ բույսի կոճղարմատը հանրահայտ է որպես մածող միջոց և օգտագործվում է վերքերի, արյունահոսությունների, ֆուրունկուլյոզի, լուծերի և ցիստիտների ժամանակ։Նա դիզենտերիան բուժելու համար մանդիկի և խոլորձի կոճղարմատների փոշին խառնում է իրար և օգտագործում հոգնայի ձևով։ Արմատի եփուկը նշանակում է լեղուղիների և միզուղիների քարային ախտահարման, խրոնիկական կոլիտների, ստամոքսաաղիքային արյունահոսությունների, մաշկային հին վերքերի և խոցերի դեպքում։Կանանց սպիտակաթորանքի ժամանակ Մ․Ա․Նոսալը կոճղարմատի եփուկն օգտագործում է ներլվացումների ձևով։ Չինաստանում կոճղարմատը մտնում է բորի դեմ կիրառվող խառնուրդների կազմի մեջ։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կոճղարմատը, ներքին ընդունման ձևով, նշանակվում է ցիստիտների, լեղուղիների բորբոքումների, ներքին արյունահոսությունների և արյունային լուծի ժամանակ, իսկ արտաքին․ թրջոցների ձևով դնում են արյունահոսող վերքերի վրա, ողողումների ձևով օգտագործում բերանի լորձաթաղանթի, լնդերի, լեզվի և կոկորդի բորբոքումների ժամանակ։ Ըստ Ա․Պ․Պոպովի, մանդիկն ունի նաև միզամուղ և ստամոքաաղիքային տրակտի խախտված ֆունկցիաները կարգավորող հատկություն։ Մանդիկի մասին դեռևս 1905 թ․ միտք է հայտնվել պրոֆ․ Լ․Ֆ․Իլյինը․ որպես ուժեղ մածող և հեմոստատիկ։ Նա բույսի կոճղարմատն առաջարկել է արտասահմանից ներմուծվող հանրահայտ ռատանիայի փոխարեն։ Իսկ դեղաբույսի կոճղարմատի վերաբերյալ փորձնական և կլինիկական ուշագրավ տվյալներ են բերում Ս․Հ․Միրզոյանը և նրա աշխատակիցները։ Այսպես, դեղբույսի տտպող և բուժիչ ազդեցությունները (թուրմի, եփուկի, ոգեթուրմի և մզվածքի ձևով ) որոշվել են առողջ և ստոմատիտով հիվանդ անձանց բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա։ Ստացված տվյալները համեմատվել են արտասահմանից ներմուծվող ռատանիայի ազդեցության հետ։ Պարզվել է, որ բույսի ջրիկ մզվածքը՝ 0,02-1% նոսրացումներով, բերանի խոռոչում առաջ է բերում փոթոթման, պրկման և չորացման զգացում։ Դեղաբույսը լորձաթաղանթները չի գրգռում, որը ապացուցվել է ողողման հեղուկների մեջ էպիթելային բջիջների և լեյկոցիտնեի նվազ քանակով։ Ավելի ուժեղ ներգործել է ջրիկ մզվածքը։ Համեմատելով ռատանիայի ազդեցության հետ, պարզվել է, որ մանդիկը 20 անգամ գերազանցում է հանրահայտ այս տտպող դեղամիջոցին։ Հեղինակները մանդիկի ջրիկ մզվածքը ողողման ձևով օգտագործելով ստոմատիտով և գինգվիտով հիվանդների մոտ, ստացել են հիանալի արդյունք։ Այսպես, բուժման հետևանքով նվազել է բորբոքական պրոցեսը, ներծծվել ինֆլիտրացիան, դադարել արյունահոսությունը։ Խիստ պակասել է լեյկոցիտների էմիգրացիան և ծածկող էպիթելային բջիջների շերտազատումը։ Համեմատած ռատանայի հետ, մանդիկի ագլյուտինացիոն ռեակցիան էրիթրոցիտների նկատմամբ ավելի ուժեղ է։ Այսպես, եթե մանդիկի 0․2%-անոց մզվածքը էրիթրոցիտները ագլյուտինացիայի է ենթարկում 5 րոպեում, ապա ռատանիայի նույն տոկոսանոց լուծույթը՝ միայն 90 րոպեում։ Մզվածքի պերֆուզիան գորտերի մոտ առաջ է բերել ուժեղ անոթասեղմիչ ռեակցիա։
Կիրառման եղանակները
Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ մանրացրած կոճղարմատը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1 օրում։ Երեխաների համար այս քանակը նախատեսվում է 2 օրվա համար։ Կոճղարմատից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական բաժակ՝ օրական 2-3 անգամ, կամ 15 գ հումքը 30 րոպե եփում են 500 մլ ջրում, ապա օգտագործում թրջոցների ձևով, կամ 20 գ հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ։ Արմատափոշին ընդունում են 0,5-1 գ՝ ժելատինե պարկուճներուվ, օրական 3 անգամ կամ տրորում են մեղրի հետ, պատրաստում նույն դեղաչափի դեղահատիկներ և ընդունում օրական 3 անգամ։ Մ․Ա․ Նասոլը արյունային լուծի և էնտերոկոլիտների ժամանակ վերցնում է 5 գ մանդիկ և 1 թեյի գդալ կտավատի սերմ, լցնում 200 մլ ջրի մեջ, եփում 20 րոպե, հովացնում, ապա տալիս ըմպելու 1-ական ճաշի գդալ՝ յուրաքանչյուր 2 ժամը 1 անգամ։ Նույն հեղինակը կանանց սպիտակաթորանքի ժամանակ ներլվացումների համար իրար է խառնում 20 գ մանդիկ, 10 գ հովվամաղախ, 15 գ մղամուճի տերև, 10 գ կաղնու կեղև, 10 գ անթառամ ծաղիկ, 10 գ ջրապղպեղ և 15 գ հազարատերևուկ։ Այս խառնուրդից 10 ճաշի գդալ վերցնելով, խառնում են 2 լ ջրին, 30 րոպե եռացնում մարմանդ կրակի վրա։ Ներլվացումը առաջարկվում է կատարել տաք եփուկով։ Այլ օգտակար հատկանիշները։ Բույսի տերևները և մատղաշ ընձյուղները կարելի է ուտել հում, եփած, չորացրած և թթու դրած վիճակում։ Դեղաբույսը լավ մեղրատու է։ Այն ունի կաշին դաբաղող, մահուդը սև կամ դեղին ներկող հատկություն։ Անասունների համար բարձր որակի կեր է։
Այլ օգտակար հատկանիշներ
Բույսի տերևները և մատղաշ ընձյուղները կարելի է ուտել հում, եփած, չորացրած ա թթու դրած վիճակում: Դեղաբույսը լավ մեղրատու է: Այն ունի կաշին դաբաղող, մահուդը սև կամ դեղին ներկող հատկություն: Անասունների համար բարձր որակի կեր է: