Անանուխ

Հայկական տարանուններ

անուխ, դաղձ, նանա, պիտնա, քարանուխ

Դեղաբույսի Նկարագրությունը

Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Գիտական բժշկության մեջ ճանաչում է գտել միայն մշակովի տեսակը, մինչդեռ ժողովրդական բժշկության մեջ հավասարաչափ օգտագործվում են անանուխի բոլոր տեսակները։ Մշակովի անանուխը ունի հակադիր, սուր ատամնավոր եզրեր, ձվաձև կամ նշտարաձև տերևներ, կարմրավուն մանր ծաղիկներ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, բազմանում վեգետատիվ եղանայով։ Բույսը ցրտադիմացկուն է, խոնավասեր և պահանջկոտ լույսի նկատմամբ։ Լավ աճում է 18-22 աստիճանի պայմաններում, իսկ շոգ եղանակներին աճը խիստ դանդաղում է։

Քիմիական Բաղադրությունը

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4-6, տերևներում՝ 2,4-2,75, իսկ ցողունի մեջ՝ մինչև 0,3%։ Այն ստացվում է թորմամբ, ջրային գոլորշիների միջոցով։ Նրա հիմնական մասը (41-65%-ը) կազմում է երկրորդային սպիրտ մենթոլը։ Բացի այդ, բույսի մեջ կան մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ, պուլեգոն, մենթոլի քացախաթթվական և վալերիանաթթվական եթերներ, կարոտին, ուրսոլաթթու, օլեինաթթու և այլ նյութեր։

Բուժական Նշանակությունը

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Հումքը հավաքում են ծաղկման սեզոնում, մի քանի ժամ թողնում արևի տակ, հետո լրիվ չորացնում քամահարվող, հով տեղում։ Մշակված հումքը պահում են ֆաներային արկղների մեջ։ Դեղաբույսը բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահողի, այլև նրանից ստացվող եթերայուղի և վերջինիս հիմնական, բաղադրիչ մասը կազմող մենթոլի ձևով։ Ավիցեննան մաքուր կամ խառնուրդների ձևով դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության և վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, ձայնի խռպոտության, հազի, ստամոքսային բորբոքումների, ցավերի, փսխման, վատ ախոժակի դեպքերում։ Մխիթար Հերացին «քարանուխ» անվան տակ հավասարապես օգտագործել է բույսի մշակովի և վայրի տեսակները՝ որպես թարմացնող և ցավազրկող միջոց, ինչպես նաև նողկանքի, փսխման և լուծերի դեպքում։ Խառնելով այլ բուսամիջոցների հետ, Հերացին նշում է անանուխի ջերմություն իջեցնող հատկությունը՝ բարձր ջերմությամբ ընթացող հիվանդությունների ժամանակ։ Ըստ Ամիրդովլաթի դեղաբույսը օգնում է գլխացավին, վանում բերանից սոխի և սպտորի հոտը, օգնում սրտխփոցին, հալում կրծքագեղձի կաթնականգը, տաքացնում և ուժեղացնում է ստամոքսը, կտրում որձկալը և փսխումը, բուժում դեղնուկը, սպանում ճիճվին, վերացնում մարսողության խանգարումը, ավելացնում մերձավորությունը, դադարեցնում արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի և մեղվի խայթածին։ Հակաբեղմնավորիչ է, քացախով կտրում է արյուն թքելը, իսկ ձեթով՝ օգնում գեղձախտին։ Ըստ Ս․Շահամիրյանի, անանուխը ուժեղացնում է ուղեղի, սրտի և ստամոքսի գործունեությունը, աղիներից հեռացնում թույներն ու գազերը, նպաստում արտաշնչմանն ու բացում ախոժակը, արդյունավետ ներգործում ջրգողության, արագասրտության, ախոժակի բացակայության և դաշտանի խանգարումների ժամանակ։ Չինական ժողովրդական բժշկության մեջ այն լայն կիրառվել է նեֆրիտների, այլ դեղամիջոցների հետ զուգակցված՝ նաև մրսածության ժամանակ, ինչպես նաև որպես միզամուղ և քրտնամուղ միջոց։ Անանուխի վերաբերյան ուշագրավ տվյալներ են նշում հայր և որդի Նասալները։ Այսպես, անանուխը լավացնում է մարսողությունը, օժտված է փքահան և քրտնանուղ հատկություններով, լավ արդյունք է տալիս տհաճ բղկոցների ժամանակ։ Բույսի եփուկը և կաթիլները լոգանքների ձևով օգտագործվում են երեխաների ռախիտի, գեղձախոտի և ստամոքսաղիքային տրակտի ժամանակ։ Ըստ Ն․Գ․Կովալևայի, անանուխը լավ արդյունք է տալիս հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, երիկամների և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ հիմնավորված է, որ անանուխն ավելացնում է ստնտու մոր կաթը, քացախի հետ եփած՝ ունի որդամուղ, իսկ նռան հյութի հետ եփված վիճակում՝քոսը բուժող հատկություն։ Դեղաբույսը օֆիցիալ է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Գիտական բժշկությունը հիմնավորում է անանուխի բոլոր բուժական հատկանիշները, որոնք դարեր ի վեր օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ։ ինչպես կանաչ հումքից, այնպես էլ նրա եթերային յուղից և բյուրեղային մենթոլից պատրաստում են բազմաթիվ դեղամիջոցներ։

Կիրառման եղանակները

Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած թարմ հումք, 30 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում ու գոլ վիճակում ըմպում կումերով՝ 1 օրվա ընթացքում, հիմնականում ստամոքսաղիքային տրակտի սպազմների, աղեփքանքի, լուծերի, նողկանքի և փսխման, լեղաքարային հիվանդության, լեղուղիների խիթերի, համառ գլխացավերի, առատ դաշտանի դեպքում և այլն։ Այս թուրմը կարելի է օգտագործել նաև բերանի խոռոչը և կոկորդը ողողելու, ինչպես նաև մաշկի քորի ժամանակ։ 1/3—1/10-ի հարաբերությամբ չոր հումքը 2 ժամ թրմում են փակ ամանի մեջ եռման ջրում, ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։ Եփուկ պատրաստելու համար վերցնում են 50գ հումք, մեկ դույլ ջրում եռացնում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների կամ հոգնայի նպատակով և նյարդային ընդհանուր անհանգիստ վիճակի դեպքում։ Անանուխի ջուրը պատրաստվում է 100մլ ջրին ավելացնելով 1-2 կաթիլ եթերայուղ։ Այն օգտագործում են խառը հեղուկադեղերի մեջ, դրանց հաճելի համ տալու, ինչպես նաև նողկանքը և փսխումը դադարեցնելու, բերանի խոռոչը ողողելու համար։ Տերևների փոշին օգտագործում են 1-2 պտղուց կամ դանակի ծայրով վերցրած քանակով, օրական 1-2 անգամ գոլ ջրով՝ բերանի համը վերականգնելու, վատ հոտը վերացնելու, ստամոքսաղիքային տրակտի ցավերը դադարեցնելու համար և այլն։ Անանուխի կաթիլներ պատրաստելու համար վերցնում են 1 մաս չոր տերև, ավելացնում 20 մաս 90 աստիճանի սպիրտ, թրմում մեկ օր, հաճախակի թափահարելով, հետո քամում մառլայով և ավելացնում 1 մաս անանուխի յուղ։ Ընդունում են օրական 3 անգամ, 10-30-ական կաթիլ՝ լուծի, աղիքային խիթերի, նողկանքի և մարսողության խանգարումների ժամանակ։ Այս ոգեթուրմը խառնում են հեղուկ դեղամիջոցներին՝ դրանց համը լավացնելու համար, 1 ճաշի գդալ ոգեթուրմը՝ 1 դույլ ջրին։ Ստամոքսի ցավերի և այրոցների դեպքում շաքարի վրա կաթեցնում են 3-5 կաթիլ անանուխի կաթիլներ, ապա ծծում։ Փքահան համար 1 թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ և կատվախոտի արմատ, 1 մաս սամիթի սերմեր, համար 2 թեյի մեջ՝ 2-ական մաս անանուխ, երիցուկ, քեմեոնի սերմեր, 1 մաս կատվախոտի արմատ և 3 մաս սամիթի սերմեր, համար 4-ի մեջ՝ հավասարաչափ անանուխ, քեմեոնի և սամիթի սերմեր, կատվախոտի արմատ։ Բոլոր այս թեյերն օգտագործում են միանման․ այսպես, 2 թեյի գդալ հումքը 10 րոպե եփել 1 բաժակ ջրում, ապա թրմել 20 րոպե և ըմպել միանվագ, առավոտյան և երեկոյան։ Լեղամուղ համար 1 թեյի մեջ մտնում են՝ 2 մաս անանուխ, 3 մաս ջրառավույտ, 1-ական մաս գինձի սերմեր և անթառամ։ Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում, հովացնում, քամում ու ըմպում 1/2 բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ։ Լեղամուղ համար 3 թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ, օշինդր, հազարատերևուկ, սամիթի սերմեր և 3 մաս անթառամ։ Այս խառնուրդից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում և ըմպում ամբողջ օրվա ընթացքում։ Ստամոքսային համար 1 թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ և կատվախոտի արմատ, 1-ական մաս բեկտենու կեղև և խնկեղեգ, 3 մաս եղինջ։ Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում, հովացնում ու ըմպում 1/2-ական բաժակ՝ առավոտյան և երեկոյան։ Քրտնամուղ համար 5 թեյի մեջ մտնում են հավասարաչափ անանուխ, սև թանթրվենու և լորենու ծաղիկներ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ որպես թեյ։ Հանգստացնող համար 1 թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ և ջրառավույտ, 1-ական մաս գայլուկ ևկատվախոտ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում քնելուց առաջ։ Համար 2 հանգստացնող թեյի մեջ մտնում են հավասարաչափ անանուխ, կատվախոտ, երիցուկ, քեմեոնի սերմեր, իսկ համար 4 նույնատիպ թեյի մեջ՝ կատվախոտ, անանուխ և ջրառվույտ։ Այս երկու թեյերն էլ օգտագործում են համար 1-ի նման։

Այլ օգտակար հատկանիշներ

Անանուխը լայնորեն կիրառվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակին, սալաթին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, կվասը, լիկյորը, հրուշակեղենը, ծխախոտը, օգտագործում են նաև կոսմետիկայում։ Բույսը մեղրատու է։ Ստացված մեղրը սաթագույն է, հաճելի բույրով ու համով և դեղաբույսին հատուկ որոշակի բուժիչ հատկությունով։