Առյուծագի

Հայկական անունները

սրտախոտ, սպիտափառ, առյուծոտն

Դեղաբույսի Նկարագրությունը

Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, քառանիստ ցողունով, թավոտ, սղոցաձև կտրտված տերևներով։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Աճում է աղբուտներում, տնամերձ հողամասերում, այգիներում, բանջարանոցներում։Բազմանում է սերմերով՝ ինքնացան կամ ցանովի։ Ունի բնորոշ հոտ և դառը համ։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ առյուծագի սովորական և առյուծագի մեղրածուծային։ Առավել տարածված են Գեղարքունիքում, Կոտայքում և Լոռիում։

Քիմիական Բաղադրությունը

Առյուծագու քիմիական կազմը լրիվ ուսումնասիրված չէ։ Սակայն հայտնի է, որ այն պարունակում է ալկալոիդներ (մինչև 0,4%), դաբաղանյութեր (5-9%), դառը նյութեր, շաքար, եթերայուղ, ֆլավոնոիդներ, ձյութ և վիտամիններ, սապոնիններ, խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու, ֆոսվորաթթու։ Բույսի հիմնական ադող նյութերը համարվում են սապոնինները, ալկալոիդները, ֆլավոնոիդները և այլն։

Բուժական Նշանակությունը

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և գլխամասերը, որոնք կտրում են մկրատով՝ 30-40սմ երկարությամբ, ծաղկման ժամանակ, չոր եղանակին․ չորացնումեն կախված վիճակում, ստվերոտ տեղում։ Պատրաստի հումքի պիտանելիությունը 3 տարի է։ Հնդկական բժշկության մեջ առյուծագին օգտագործում են ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ և որպես քրտնամուղ, ռուսական ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են ստամոքսային խանգարումների, սրտխփոցների, շնչուղիների կատառի ժամանակ։ Հոմեոպաթները դեղաբույսը օգտագործում են անգինայի և կլիմակտերիկ արյունահոսությունների ժամանակ։ Հայկական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառում։ Այն կիրառվում է նաև վախի և շնչարգելության դեպքերում։ Փորձագիտական աշխատանքները ցույց են տվել, որ բույսի պատրաստուկները հանգստացնում են կենտրոնական նյարդային համակարգը, դանդաղեցնում է սրտի ռիթմը, մեծացնում նրա կծկողական ուժը, իջեցնում արյան ճնշումը։ Ն․Վ․ Վերշինինի և Դ․Դ․Յաբլոկովի տվյալներով, բույսի մզվացքը կլինիկական պայմաններում արդյունավետ է ներգործում սրտանոթային նևրոզների, կրցքային հեղջուկի, հիպերտոնիկ հիվանդության, կարդիոսկլերոզի, միկրոկարդիտների, սրտային արատների, միոկարդիոդիստրոֆիայի և բազեդովյան հիվանդության ժամանակ։ Հեղինակները առյուծագու կիրառումից 69% դեպքերում ստացել են դրական արդյունք։ Կլինիկական տվյալներով առյուծագու տևական կիրառումից դրական արդյունք է արձանագրվել նաև Մենյերի սինդրոմի և նյարդային ցնցումների ժամանակ։ Բույսի ջրիկ մզվածքը լավ էներգործում ընդհանուր գրգռվածության, նիկոտինիզմի հողի վրա առաջ եկած մկանային թուլության, հևոցի և արյան ճնշման բարձրացման դեպքում։ Հարկավոր է նշել, որ անգամ տևական կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ։Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին։ Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում այնպիսի հիվանդությունների բուժման ընթացքի վրա, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը, կլիմակտերիկ նևրոզը, գլաուկոման, մաշկային որոշ հիվանդություններ, իմպոտենցիան և այլն։ Առյուծագին օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, կանոնավորում է լեղու արտահոսը, ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիոնալ գործունեությունը։ Վախի և նյարդային ցնցումների ժամանակ առյուծագին կարելի է զուգակցել չորածաղկի կամ սիզի կամ մղամուճի հետ։ Պարզված է, որ դեղաբույսի ջրիկ մզվածքը, անգամ փոքր դոզաներով, օժտված է մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ներգործությամբ։ Ավելի է բարձրանում դեղաբույսի ազդեցությունը երբ այն զուկակցում են ալոճենու ծաղիկների հետ (40-ական գրամ 1լ ջրին, օրական 100-ական մլ, 3-4 անգամ): Այս խառնուրդը դրականապես է ազդել ոչ միայն հիպերտոնիայի, այլև կրծքային հեղձուկի նոպաների և սրտի ռիթմի խանգարման վրա։

Կիրառման եղանակները

Թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 թեյի գդալ մանրացրած հումք, 8 ժամ թրմում 1 բաժակ սառը ջրում, քամում ու ըմպում 1 օրում, 3 անգամ։ Եփուկ պատրաստելու համար 4-6գ հումքը կամ 4-9գ սերմերը 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, հովացնում քամում ու ըմպում օրվա ընթացքում 2 անգամ՝անոթայինսպազմների ժամանակ։Ի դեպ՝ եփուկն օժտված է անոթների վրա ադրենալինի սեղմող ազդեցությունը վերացող հատկությամբ։Եփուկ կարելի է պատրաստել նաև 10-15գ հումքը 10 րոպե 200մլ ջրում եռացնելով․ այն ընդունում են 1-ական ճաշի գդալ, օրական 3-6 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։ Ոգեթուրմ պատրաստելու համար 2 մաս թարմ բուսահյութը խառնում են 3 մաս 70 աստիճանի սպիրտի հետ, ընդունում 25-30-ական կաթիլ՝ օրական 3 անգամ։ Չորացրած բույսը դարձնելով փոշի, ընդունում են օրվա ընթացքում ընթացքում 2-4գ։ Աղացած թարմ բուսահյութը խմում են ջրով, 30-40-ական կաթիլ, օրվա ընթացքում 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Հանգստացնող թեյ պատրաստելու համար հավասար չափով վերցնում են առյուծագի, սամիթի և քեմիոնի սերմեր, կատվախոտի արմատ․ խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 200մլ եռման ջրում, փակ ամանի մեջ, այնուհետև ըմպում միանվագ, օրական 3 անգամ։ Նյարդային խանգարումների, սրտային թուլության, գլխապտույտների և շնչարգելության ժամանակ վերցնում են 15-ական գրամ առյուծագի, չորածաղիկ, ալոճենու ծաղիկներ և 5գ երիցուկ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1/2-ական բաժակ, օրական 3 անգամ ուտելուց 1 ժամ հետո։ Ընդհանուր անհանգիստ վիճակի, անքնության և շուտ հոգնելու դեպքում վերցնում են 10-ական գրամ առյուծագի և ուրց, 5-ական գրամ կատվախոտի արմատ և բերենիկե, 20-ական գրամ սրոհունդ, եզանլեզու և մասուր։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եփում են 2 բաժակ եռման ջրում, թրմում 30 րոպե, քամում ու ըմպում 1/4 բաժակ, օրական 3 անգամ։ Պիելոնեֆրիտների ժամանակ վերցնում են հավասարաչափ՝ առյուծագի, սրոհունդ, եռագույն մանուշակ, ձիաձետ, մասուրի պտուղներ և արմատ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում ու ըմպում 1/4 բաժակ, օրական 4-6 անգամ։

Այլ օգտակար հատկանիշներ

Առյուծագին մեղրատու է։ Բույսից ստացված մեղրը բաց ոսկեգույն է, հաճելի բույրով և դուրեկան համով։ Սերմերը 8-9 տարի պահելուց հետո էլ չեն կորցնում իրենց ծլունակությունը, պարունակում են մոտ 30% ճարպայուղ, որից պատրաստում են օլիֆ։ Առյուծագին օգտագործում են նաև մանրաթել ստանալու և գործվացքները մուգ կանաչ գույնով ներկելու նպատակով։