Չիչխան Դժնիկանման

Դեղաբույսի Նկարագրությունը

Փշատազգիների ընտանիքին պատկանող, 0.5-3.5 մ բարձրության, խոշոր, փշոտ թուփ է, երբեմն էլ ծառ: Մատղաշ ընձյուղներն արծաթագույն են, իսկ հետագայում դառնում են գորշ ժանգագույն: Տերևները հերթադիր են, պարզ, երկար, նշտարաձև, ամբողջաեզր: Բույսը երկտուն է, ծաղիկները միասեռ, պարզ, շատ մանր, դեղին: Պտուղները մսալի են, հարթ, փայլուն, նարնջագույն, ճյուղերին կպած: Սերմերը ձվաձև են, հաճախ սև գույնի: Ծաղկում է ապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, թփի վրա մնալով մինչև գարուն: Աճում է հիմնականում խոնավ տեղերում, գետափերին, ճահճուտներում, հաճախ տալով անացանելի բուսուտներ: Մեզ մոտ հիմնականում հանդիպում է Աբովյանի, Իջևանի, Սևանի, Մեղրու, Գորիսի, Սիսիանի, Վանաձորի և այլ շրջաններում: Չիչխանը ծաղկում և պտղակալում է ամեն տարի, միշտ տալով առատ բերք: Բավականաչափ ցրտադիմացկուն է, լուսասեր, կայուն` շոգերի նկատմամբ. իսկ հողի նկատմամբ առանձնապես պահանջկոտ չէ: Բազմանում է սերմերով, վեգետատիվ եղանակով և մերձարմատային շյուղերով: Արմատների վրա բազմանում են մեծ քանակությամբ ազոտային բակտերիաներ: «Հիպպոս» անունը հունարեն նշանակում է ձի, իսկ «ֆաոս»` փայլ, ելնելով այն բանից որ Հին Հունաստանում բույսով սնում և բուժում էին ձիերին, որի հետևանքով ձիու մազերը ստանում էին գեղեցիկ փայլ:

Քիմիական Բաղադրությունը

Թարմ, հասուն պտուղները պարունակում են 83.6-86.4% ջուր, մինչև 9% ճարպայուղ, 900մգ% C վիտամին, 11մգ% A վիտամին, 0.28% B1 վիտամին, 0.56մգ% B2 վիտամին, 0.7մգ9% B6 վիտամին, 14.3մգ% E վիտամին, ֆոլաթթու, խնձորաթթու, գինեթթու, շաքար, լինոլաթթվային, օլեինաթթվային և պալմիտնիաթթվային գլիցերիդներ: Սերմերի մեջ պարունակվում է մինչև 12% յուղ, կարոտին, տոկոֆերոլ, տերևներում մինչև 10% դաբաղանյութեր, C վիտամին, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, քիմիական տարրերից` երկաթ, բոր, մանգան: Կեղևում հայտնաբերվել է սերոտոնին և ալկալոիդ հիպոֆեին:

Բուժական Նշանակությունը

Բուժման նպատակով օգտաագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում` նաև տերևները: Պտուղները հավաքում են ձմռանը, երբ սառչում են ու ձեռք են բերում հաճելի թթվահամություն: Պտուղները իրենց համը և բուժական հատկանիշները պահպանում են նույնիսկ սառած վիճակում: Տերևները հավաքում են ամբողջ սեզոնում, չորացնում հով տեղում` միջանցիկ քամու տակ: Սակայն դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն, յուրահատում համով ու հոտով յուղի շնորհիվ: Չիչխանի անունը հաճախ է հանդիպում Դիոսկորիդի, Թեոֆրաստի և այլոց մոտ, սակայն դեղաբույսի բուժման նշանակության մասին խոսվել է ավելի ուշ: Տարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդությունների ամոքող միջոց: Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծվող հատկությամբ, մինչդեռ ճյուղերի և տերևների եփուկը ունի միանգամայն հակառակ ներգործություն և օգտագործվում է լուծերի ժամանակ: Պտուղների և տերևների եփուկն օգտագործվում է ինչպես ներքին ընդունման, այնպես էլ գլուխ լվանալու ձևով` մազաթափության և ճաղատության, ինչպես նաև ռևմատիզմի և պոդագրայի ժամանակ: Դեղաբույսից ստացված յուղը լայն կիրառություն ունի կլինիկական բժշկության մեջ: Չիչխանի յուղը լավ արդյունք է տալիս մաշկի թարախային բորբոքումների, էկզեմայի, թեփոտվող որքինի, Դարյեի հիվանդության, խեյլիտի և խոցային բնույթի գայլախտի բուժման ժամանակ: Յուղից պատրասված 5%-անոց քսուքը արագորեն վերացնում է մաշկային բորբոքման երևույթները, այտուցը, էրիթեման, ցավը, սուր էկզեմայի այրոցը: Նեյրոդերմիտի, թեփոտվող որքինի և մաշկային խրոնիկական այլ հիվանդությունների ժամանակ յուղային քսուքից արագորեն ներծծվում է ինֆիլտրացիան, դադարում թեփոտումը, քորը, էպիթելիզացվում ճաքվածքները: Յուղը դրական արդյունք է տալիս նաև բերանի լորձաթաղանթի վերքերի, քերծվածքների, ճաքվածքների, ինչպես նաև հետանցքի և սեռական օրգանների շրջանի մաշկային մի շարք ախտահարումնեի ժամանակ: Յուղը օգտագործում են անմիջապես նշագեղձերը հեռացնելուց հետո, որի շնորհիվ իջնում է ջերմությունը, արագանում վերքի ռեգեներացիան: Յուղը, ընդհանրապես, խթանում է բոլոր տեսակի վերքերի գրանուլացիան և էպիթելիզացիան, վերացնում ցավը, արագացնում բուժման պրոցեսը: Այն ցուցված է այրվածքների, ցրտահարության, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, օրգանիզմի ճառագայթային ախտահարումների և որկորի քաղցկեղի ժամանակ` ճառագայթաբուժման հետևանքով առաջ եկած դեգեներեատիվ երևույթները պակասեցնելու նպատակով: Յուղը լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական պրակտիկայում: Այն արդյունավետ ներգործություն է ունենում կոլպիտների, էնդոցերվիցիտների և արգանդի վզիկի էրոզիայի դեպքում: Բազմաթիվ կլինիկական տվյալներ հաստատել են յուղի օգտակար ներգործությունը ծերունական կատարակտի, շաքարային դիաբետի, աչքի որոշ հիվանդությունների, անեմիաների, գաստրիտների, լորձաթաղանթների ատրոֆիկ փոփոխությունների, հիպերտոնիկ հիվանդության ընթացքի վրա և այլն: Պտուղները սառած կամ թարմ վիճակում ուտում են հիպո կամ ավիտամինոզ A-ի և ընդհանուր հյուծվածության ժամանակ: Կեղևը, շնորհիվ սերոտոնինի պարունակության, օժտված է որոշակի հակաուռուցքային ակտիվությամբ և մտնում է հակաուռուցքային պատրաստուկի կազմի մեջ, որոնք փորձնականորեն տվել են որոշակի արդյունք: Նշենք, որ յուղը հակացուցված է սուր խելոցիստիտների, ստամոքսաաղիքային տրակտի սուր խանգարումների և պանկրեատիտների ժամանակ:

Կիրառման եղանակները

Յուղը ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 2-3 անգամ, կամ 10-ական կաթիլ` օրական 3 անգամ, մի կտոր հացի կամ կաթի հետ: Յուղը ներարկվում է նաև միջմկանային` 1-3մլ չափով: Տերևներից և մատղաշ ընձյուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացված հումքը 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա հովացնում ու քամում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:

Այլ օգտակար հատկանիշներ

Պտուղները ունեն սննդային մեծ արժեք: Իզուր չէ, որ չիչխանին անվանում են սիբիրյան անանաս: Պտուղներն ուտում են թարմ և սառեցրած վիճակում: Նրանցից պատրաստում են մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, պովիլդո, մրգահյութ, գինի, և թմրօղի: Պտուղներով համեմում են ձկնեղենը, թխվածքները, որոշ տեսակի խմիչքները: Պտղահյութը` շաքարով, որպես պոլիվիտամինային հարուստ հումք, կարելի է պահել շատ երկար ժամանակ: Որոշ տեղերում պտուղները խառնում են ալյուրին` հացին յուրահատուկ համ ու հոտ տալու համար: Տերևները օգտագործում են կաշի դաբաղելու համար: Նրանցից, խառնելով երկաթային աղի հետ, ստացում է սև գորշավուն, իսկ պտուղներից` դեղին գույնի ներկ: Չիչխանը դեկորատիվ է, այն վաղուց դարձել է մշակովի, մեղրատու է, պտուղներով ձմռանը սնվում են բազմաթիվ սովահար թռյուններ: Ունի ամուր, լավ հղկվող բանափայտ, որից պատրաստում են մանր կիրառական առարկաներ: Չիչխանը մշակում են նաև գետեզրերը, ջրանցքները, լանջերը և հեղեղատները ամրացնելու նպատակով: Դեղաբույսի նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն և վերահսկողություն, քանի որ այն հաճախ ենթարկվում է անխնա հատումների և ոչնչացման, միչդեռ սառած պտուղները, որոնց պատճառով էլ տուժում է թուփը, կարելի է հեշտությամբ հավաքել ճիպոտահարումով, դրանով իսկ քիչ վնաս հասցնել այս արժեքավոր բուսատեսակին: