Ձիաձետ դաշտային

Հայկական տարանունները

ամպռճուկ, ամվաճ, իշու շաքար, խարտոցախոտ, ձիագի, ձիու ագի, շան ագի

Դեղաբույսի Նկարագրությունը

Ձիաձետազգիների ընտանիքին պատկանող, բազմամյա, սպորավոր խոտաբույս է։ Ունի հողի մեջ խոր թափանցող, սև, սողացող կոճղարմատ, երկու կարգի ցողուններով՝ սպորակիր և ոչ սպորակիր։ Տերևները նշտարաձև են՝ 18-16-ական։ Ամառային ընձյուղները կանաչ են։ Կոճղարմատը հաճախ իր վրա կրում է օսլայով հարուստ հանգուցաձև պալարներ։ Բույսը լավ աճում է խոնավ, ճահճային, վատ աերացիա ունեցող հողերում, մեծ մասամբ մարգագետիններում, այգիներում, խառը անտառային գոտիներում, գետեզրերին, տղմուտ և բերովի հողերում, հաճախ տալով միատարր բուսուտներ։ Բազմանում է սպորներով և կոճղարմատներով։ Մեր հանրապետությունում հանդիպում է 6 տեսակ, որոնցից բուժական նշանակություն ունի միայն դաշտային ձիաձետը։ Էքվիզետում անունը ունի լատինական ծագում․ էքվուս նշանակում է ձի, իսկ սետա՝ պոչ։ Իրականում բույսի ցողուններն ինչ որ չափով հիշեցնում են ձիու պոչ։

Քիմիական Բաղադրությունը

Բույսը պարունակում է խնձորաթթու, ակոնիտաթթու, թրթնջկաթթու, 20-25% սիլիկաթթու, դառը նյութեր, դաբաղանյութեր, խեժ, 1-5 % սապոնին էկվիզետոնին, ֆլավոնոիդներ, կարոտին, C վիտամին, սիտոստերին, դիմեթիլսուլֆոն, ճարպայուղ, եթերայուղ, ալկոլոիդներից՝ էկվիզետին,նիկոտին, տրիմեթօքսիպիրիդին, շաքար, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, ալյումին։

Բուժական Նշանակությունը

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է դեղաբույսի ամբողջ վերգետնյա մասը։ Հավաքում են միայն ամառային վեգետատիվ ընձյուղները, ամռան ամիսներին, հնձելով մանգաղով կամ գերանդիով։ Հումքը չորացում են տանիքում, լավ քամհարվող տեղում։ Չոր վիճակում այն կազմում է ելանյութի 20-25 %-ը, ունի թթվային համ և պիտանի է օգատգործման մոտ 2 տարի։ Դեղաբույսը հնուց ի վեր կիրառվել է որպես նյութափոխանակությունը լավանող, մաշկի և ներքին օրգանների բորբոքումները բուժող միջոց։ Այն միաժամանակ ճանաչվել է որպես մածող, հեմոստատիկ և ախտահանիչ միջոց։ Ավիցեննան թարմ բուսահյութը օգտագործել արտաքին՝ մաշկային խոցերը և վերքերը բուժելու նպատակով, իսկ թուրմը՝ գինու հետ խառնված՝ լյարդի և ստամոքսի ուռուցքների, ջրգողության և արյունային լուծի դեպքերում։ Ըստ Ամիրդովլաթի դեղաբույսն գինու հետ տալով, կտրում է լուծը, եփուկի ձևով օգտակար է երիկամների, միզապարկի, ստամոքսի, լյարդի, թոքերի մի շարք հիվանդությունների, մկանային թուլության, հազի, հևոցի ժամանակ։ Չոր վիճակում բուժում է խոցերը, իսկ սպեղանու ձևով՝ օրխիտը, ջրիկ մզվածքի ձևով՝ սրտային թուլությունը։ Դեղաբույսի երկարատև օգտագործումը, բժշկապետի նշումներով, պայծառացնում է դեմքը և առաջ բերում քաշի ավելացում։ Այն դրական է անդրադառնում լուծի, արգանդային արյունահոսության և ներքին օրգանների կծկողական ցավերի վրա։ Դեղաբույսի հյութը կաթեցնելով քթի մեջ կտրում է արյունահոսությունը, արմատն օգտակար է հազի և ասթմայի ժամանակ, իսկ եփուկը՝ գինով կամ ջրով, դրականապես է անդրադառնում լյարդի ուռուցքների ջրգողության վրա։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտգործվում է արյունախխման, արյունահոսությունների, թութքի և դժվար լավացող վերքերի դեպքում։ Չինական բժշկության մեջ ձիաձետն օգտագործվում է աչքերի որոշ հիվանդությունների դեպքում, Ֆրանսիայում՝ որպես վերամոքիչ, միզամուղ, հեմոստատիկ միջոց, ինչպես նաև էնուրեզի, իսկ լոգանքի ձևով՝ ոտքերի քրտնոտության դեպքում։ Բուլղարիայում դեղաբույսը հանրահայտ է որպես մածող, հեմոստատիկ,միզամուղ և հականեխիչ միջոց։ Ներքին ընդունման այն տալիս են թոքերի պալարախտով, միզուղիների հիվանդություններով, ռևմատիզմով, թութքով, աթերոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդներին։ Գերմանիայում, լոգանքի և խոտաթրջոցի ձևով, դեղաբույսն օգտագործվում է դժվար լավացող վերքերի, քթային արյունահոսության, ֆուրունկուլյոզի, անգինայի և լնդերի բորբոքումների ժամանակ, Լեհաստանում բացի միզամուղ նպատակներից, արտաքին ձևով՝ գլխի մազաթափության ժամանակ, իսկ Ավստրիայում այն համարվում է ոչ միայն հեմոստատիկ և վերամոքիչ, այլև արյունը մաքրող և թոքային մի շարք հիվանդությունների բուժման միջոց։ Ըստ Բ․ Ե․ Վոտչալի ձիաձետի կիրառումը մեծ անհրաժեշտություն է բոլոր այն դեպքերում, երբ հիվանդի մոտ արձանագրվում է ռեֆրակտեր վիճակ մյուս միզուղիների նկատմամբ։ Տեղին է նշել այն, որ դեղաբույսի կիրառման շնորհիվ մոտ 2 անգամ մեծանում է օրվա մեզի քանակը՝ դեկոմպենսացված վիճակում գտնվող հիվանդների մոտ։ Մեզի դիուրեզը մեծանում է դեղաբույսի օգտագործման առաջին իսկ օրերից և այսպես շարունակվում է ամբողջ բուժման ընթացքում։ Դեղաբույսի մեջ պարունակվող սիլիկաթթուն բարձրացնում է լեյկոցիտների քանակը, իսկ թարմ բուսահյութը՝ արյան մակարդելիությունը և թոքահյուսվածքի ռեգեներացիան, որը դրականապես է անդրադառնում պալարախտով ախտահարման ժամանակ։ Ըստ Վ․ Շյոնենբերգի, ձիաձետի մեջ պարունակվող սիլիկաթթուն, անցնելով օրգանիզմ, ամրապնդում է հյուսվածքները, բարձրացնում լեյկոցիտոզը, օրգանիզմի պաշտպանողական ուժերը։

Կիրառման եղանակները

Ջրաթուրմ պատրաստելու համար 4 թեյի գդալ հումքը 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում և որպես միզամուղ ըմպում կումերով՝ ամբողջ օրվա ընթացքում, կամ 30 գ հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանվագ՝ օրվա մեջ 2-3 անգամ,կամ 15 գ հումքը 30 րոպե թրմում են 180 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ՝ յուրաքանչյուր 2 ժամը 1 անգամ, կամ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրական 4 անգամ, կամ 50 գ հումքը 1 օր թրմում են 3 բաժակ սառը ջրում, ապա քամում և օգտագործում արտաքին՝ լոգանքների և կոմպրեսների ձևով, կամ 15-20 գ հումքը երկարատև թրմում են 1 լ սպիտակ գինու մեջ, ապա ընդունում 100-150 մլ, ամեն առավոտ՝ արյունահոսությունների ժամանակ։ Եփուկ պատրաստելու համար հումքը 1/10-ի հարաբերությամբ խառնելով ջրի հետ, եռացնում են 30 րոպե, հովացնում, քամում, ավելացնում գոլորշիացման հետևանքով պակասած ջրի քանակին ու ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ։ Նույն եփուկը կարելի է խառնել գարնանային շողավարդի՝ 6,0-200 մլ եփուկի հետ և ըմպել վերոհիշյալ եղանակով, կամ 6 գ հումքը 30 րոպե եփում են 500 մլ ջրում, ապա օգտագործում ողողման նպատակով, կամ 50 գ հումքը 20 րոպե եփում են 1 բաժակ ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ, կամ 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, հովացնում ու քամում, ապա օգտագործում ողողումերի համար։ Թարմ բուսահյութը օգտագործում են 15-ական մլ, օրական 3 անգամ։ Ջրիկ մզվածքը պատրաստում են 60 աստիճանի սպիրտի հետ, պերկոլացիոն եղանակով, 1/5-ի հարաբերությամբ, որն օգտագործվում է 1-ական թեյի գդալ՝ օրական 2-3 անգամ։ Փոշին, 30-50 գրամ, լուծում են 1 լ եռման ջրում և օգտագործում են 1 լ եռման ջրում և օգտագործում 150-ական մլ՝ առավոտյան և երեկոյան։ Դժվար և ցավոտ միզարձակման ժամանակ ժամանակ դեղաբույսը հավասարաչափ խառնում են երիցուկի հետ, որից 1 թեյի գդալ վերցնելով, պատրաստում են թեյ 200 մլ ջրում և ըմպում միանվագ։ Միզապարկի սպաստիկ ցավերի ժամանակ նույն ձևով օգտագործում են ձիաձետի և կապույտ տերեփուկի հավասարաչափ խառնուրդը։ Դաշտանային խանգարումների ժամանակ վերցնում են 1-ական ձիաձետ և ծտապաշար, 3 մաս ոսկեհազարուկ և 5 մաս մատնունի։ Այս խառնուրդից պատրաստում են թուրմ, 1 ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում, որն ըմպում են օրվա ընթացքում։ Հեպատիտների և ցեռոզների ժամանակ հավասարաչափ իրար են խառնում ձիաձետ, եղերդակի արմատ, հազարատերևուկ և սրոհունդ։ Այս խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում օրվա մեջ 2 անգամ։ Առատ դաշտանի և արյունային փսխման ժամանակ վերցնում են, հավասարաչափ, ձիաձետ, հովվամաղախ և գիհու կոնապտուղներ և օգտագործում վերը նշված եղանակով։

Այլ օգտակար հատկանիշներ

Ձիաձետի և շիբի խառնուրդը բրդյա գործվածքները ներկում է մոխրադեղնավուն։ Մատղաշ, սպորակիր ընձյուղները որոշ տեղերում օգտագործում են սննդի մեջ՝ հում կամ եփած։ Չոր խոտի մեջ թունավոր է հատկապես ձիերի և կովերի համար, մինչդեռ թարմ վիճակում միանգամայն անվնաս է։