Ծնեբեկ դեղատու
Հայկական տարանունները
Ծնեփակ, ծնեփուկ, հալիոն, մալաժոր, մարանճու, սափառնիա
Դեղաբույսի Նկարագրությունը
Ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, 120-150սմ բարձրության, ճյուղավորված ցողունով բազմամյա խոտաբույս է։ Ունի մանր, բաժանասեռ, բաց կանաչավուն կամ դեղնավուն ծաղիկներ։ Տերևները մանր են, թելանման, 1-3 սմ երկարության, փնջերով։ Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, հասունանալիս կարմրում է, իսկ սերմերը սև են։ Բազմանում է սերմերով, սածիլներով և կոճղարմատի բաժանումով։ Լուսասեր է, ջերմասեր և ցրտադիմացկուն։ Լավ է աճում փուխր, օրգանական նյութերով հարուստ, թույլ հիմնային հողերում։ Ծաղկում է գարնանը, իսկ պտղակալում՝ ամռան ամիսներին։ Հանդիպում է հանրապետության գրեթե բոլոր վայրերում, հիմնականում թփուտներում, մացառների մեջ, քարքարոտ լանջերին՝ անկանոն բուսուտների ձևով։
Քիմիական Բաղադրությունը
Բույսի արմատներում հայտնաբերված են ասպարագին, արգինին, խելիդոնաթթու, ստերոիդ սապոնին, ճարպայուղ, եթերայուղ, խոլին, մինչև 41% շաքար, ընձյուղներում՝ 1,6-1,7% սպիտներ (ասպարագին, թիրոզին, լիզին), արսենի հետքեր, շաքար, սաթաթթու, խելիդոնաթթու, գլիկոզիդ կոնիֆերին, ալկալոիդների հետքեր, վանիլին, կումարին, միկրոտարրերից՝ կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և երկաթ, վիտամիններից՝ B1, B2, PP, C, կարոտին։ Սերմերը պարունակում են վանիլի հոտ ունեցող մինչև 16% ճարպայուղ։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են բույսի արմատը, կոճղարմատը և մատղաշ ընձյուղները։ Արմատը և կոճղարմատը հանում են վաղ գարնանը կամ աշնանը, լվանում, չորացնում բացօթյա, պահում հերմետիկ փակվող տուփերի մեջ։ Բույսի ընձյուղները հավաքում են վաղ գարնանը և հիմնականում օգտագործում թարմ վիճակում։ Որպես դեղաբույս ծնեբեկը ունի հին պատմություն: Հնդկական բժշկության մեջ կոճղարմատը հայտնի է որպես հակադիզենտերիային միջոց։ Չինական բժշկության մեջ արմատի եփուկը համարվում է միզամուղ, ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող, արյան շրջանառությունը և մարսողությունը կարգավորող միջոց։ Կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, շաքարային դիաբետի և իմպոտենցիայի ժամանակ։ Շնորհիվ խուխը ջրիկացնող և հազը հանգստացնող հատկության, դեղաբույսը օգտագործվում է նաև կապույտ հազի և բրոնխիալ ասթմայի, իսկ ընձյուղներից պատրաստված թուրմը, թրջոցների ձևով՝ էկզեմայի ժամանակ։ Ավիցեննան դեղաբույսը ներքին ընդունման ձևով տվել է թոքերի պալարախտով հիվանդներին՝ որպես խուխամուղ, իսկ ստամոքսի քաղցկեղի դեպքում՝ ոչ միայն հիվանդի ընդհանուր վիճակը մեղմացնող, այլև որպես լիարժեք սնունդ։ Մ․Հերացին բույսի արմատը համարել է որպես ստամոքսը մաքրող, ջերմիջեցնող, միզամուղ և խուխամուղ, ինչպես նաև հակառևմատիկ միջոց։ Արպիասուսը բույսի սերմերը տվել է սեռական սառնության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը, «հալիոն» անվան տակ, նշում է, որ դեղաբույսը բացում է լյարդի և երիկամների խցանումը, ավելացնում սերմնագոյացումը, օգնում թիկունքի, մեջքի, երիկամների և միզապարկի ցավերին։ Բույսի սերմերը համարել է հակաբեղմնավորիչ, միաժամանակ դրանք ավելացնում և լավացնում է ստնտու կնոջ կաթը, իսկ այլ բույսերի հետ խառնած՝ նշանակվել է դեղնուկով հիվանդներին։ Արմատը կտրում է ատամի ցավը, սպեղանու ձևով բուժում է դեմքի ցանավորումը, բացում դաշտանը, միզակապությունը, իջեցնում խուխի հետ կապված բարձր ջերմությունը, ակտիվացնում մերձավորությունը, նպաստում ծննդաբերության հեշտացմանը։ Դեղաբույսի պատրաստուկներն օծելու ձևով օգնում են մեջքի ցավին, մորմի կծածին։ Ներքին ընդունման ձևով սերմերը հովացնում են ստամոքսը, վերացնում քրտինքի տհաճ հոտը։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագործում են երակների խցանումը բացելու համար, լյարդի և երիկամների հիվանդությունների, գոտկացավի, ատամնացավի, աղեփքանքի ժամանակ և այլն։ Ֆրանսիայում կոճղարմատը և մատղաշ ընձյուղները համարում են արդյունավետ միզամուղ միջոց։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը օգտագործվում է միզաքարային հիվանդության դեպքում, իսկ հայրենական ժողովրդական բժշկության մեջ՝ ջրգողության, միզապարկի բորբոքումների, դիսուրիայի, սրտխփոցների, ռևմատիզմի, գեղձախտի և էպիլեպսիայի ժամանակ։ Արտաքին ձևով դեղաբույսն օգտագործվում է մաշկային տարբեր բնույթի ցանավորումների ժամանակ։ Ըստ Ն․ Գ․ Կովալևայի տվյալների, դեղաբույսը լավ ներգործություն է թողնում սուր և խրոնիկական նեֆրիտների վրա՝ երիկամների ֆունկցիոնալ բավարար վիճակի առկայության պայմաններում։ Նման արդյունք արձանագրվել է նաև միզավազանների և միզապարկի մի շարք հիվանդությունների ժամանակ։ Բույսի վերգետնյա մասը ունի անոթալայնիչ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող և միզամուղ հատկություն։ Այն կիրառվում է նաև սրտանոթային նևռոզների բուժման նպատակով։ Դեղաբույսի փորձարարական կիրառումները ցույց են տվել, որ այն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, ուժեղացնում սրտի կծկումները, դանդաղեցնում նրա ռիթմը, լայնացնում ծայրամասային անոթները, ավելացնում դիուրեզը, լավացնում երիկամների ֆունկցիաները։ Թբիլիսի գիտահետազոտական ինստիտուտում հիմնավորվել է դեղաբույսի ընձյուղների չափավոր միզամուղ հատկությունը։ Ծնեբեկը որպոս դիուրետիկ, օֆիցինալ է Ֆրանսիայում, Մեքսիկայում, Պորտուգալիայում և Վենեսուելայում։ Շնորհիվ բույսի մեջ պարունակվող զգալի քանակության ասպարագինի, նրա պատրաստուկները սրտի վրա ցուցաբերում են հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև վերացնում միզապարկի պարեզը։ Դեղաբույսի պատրաստուկները կործանարար ներգործություն են ցուցաբերում նախակենդանիների վրա։
Կիրառման եղանակները
Արմատից և կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 2-3 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո օրվա մեջ ընդունում են 3 անգամ, կամ թարմ ընձյուղներից ջրաթուրմ պատրաստելու համար 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո այն ընդունում են 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ։ Արմատից եփուկ պատրաստելու համար 60 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, կամ 20 գ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 15 րոպե 1 և ըմպում միանվագ։ Միզամուղ հավաքածուի մեջ հավասար չափով մտնում են սամիթի սերմեր, մաղադանոսի, նեխուրի և ծնեբեկի արմատներ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ սառը ջրում թրմում են 6 ժամ, այնուհետև 15 րոպե եռացնում և ըմպում օրվա մեջ մի քանի անգամ։ Այս միջոցը հակացուցված է հղիության և միզուղիների սուր բորբոքումների ժամանակ։ Օշարակ պատրաստելու համար թարմ ընձյուղների հյութին կիսով չափ ավելացնում են շաքարավազ, դնում ջրաբաղնիքի մեջ, անընդհատ խառնում, թողնում մինչև թանձրանալը, որից հետո ընդունում 5-ական ճաշի գդալ, առավոտյան և երեկոյան, պահելով հերմետիկ խցանով ամանի մեջ։ Դեղաբույսից ստացվող մզվածքը ընդունում են 8-10-ական կաթիլ՝ օրական 3 անգամ, իսկ ասպարագինը՝ 2 %-անոց լուծույթի ձևով, 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ։
Այլ օգտակար հատկանիշներ
Որպես ուտելի վայրի բույս, ծնեբեկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց։ Վաղ գարնանը մատղաշ ընձյուղները խաշում են ու յուղով տապակում,գցում են ապուրի մեջ, կոնսերվացնում։ Պտուղները երբեմն օգտագործվում են սուրճի փոխարեն։ Բույսը մշակում են, դեկորատիվ նպատակներով աճեցնում են նաև պուրակներում։