Ծովաբողկ գյուղական
Հայկական տարանունները
Ժախուկ, խրեն, կծվիչ, կրեն, քթառ
Դեղաբույսի Նկարագրությունը
Կաղամբազգիների ընտանիքին պատկանող, մինչև 100 սմ բարձրության, տերևակալած ցողունով բազմամյա խոտաբույս է։ Ունի հողի մեջ խոր թափանցող մսոտ, սպիտակ արմատներ, խոշոր ու լայն, նշտարաձև, ալիքաեզր, արմատամերձ տերևներ։ Ծաղիկները մանր են ու սպիտակ, պտուղը կլոր, երկբուն պատիճ է։ Ծաղկում է հունիս- հուլիսին, պտղակալում՝ օգոստոս-սեպտեմբերին։ ՀՀ-ում աճում է միայն մեկտեսակ, որը որպես մոլախոտ աճում է գետեզրերին, տնամերձ հողամասերում և այլուր, հաճախ տալով մեծ բուսուտներ։ Բազմանում է արմատաշիվերով։ Պահանջկոտ չէ լույսի և ջերմության նկատմամբ, աճի համար նախընտրում է ավազահումուսային հողերը։
Քիմիական Բաղադրությունը
Արմատը պարունակում է սպիտներ, մինչև 16,3% շաքար, օսլա, խեժանյութ, գլիկոզիդ սինիգրին, ֆերմենդ միրոզին։ Վերջինիս ազդելով գլիկոզիդի վրա, առաջացնում է գլյուկոզա, ծծմբակալիումական թթու աղ և ալլիլ-մանանեխային եթերայուղ: Վերջինով էլ պայմանավորված է ծովաբողկի համն ու հոտը: Արմատում հայտնաբերված են նաև մինչև 171 մգ % C վիտամին, B1, B2, PP վիտամիններ, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ալկալոիդների հետքեր, մեծ քանակությամբ լիցոզիմ: Տերևները պարունակում են մինչև 526 մգ % C վիտամին, ֆիտոնցիդներ, ալկալոիդների հետքեր: Կալիումական և երկաթային աղերի պարունակությամբ, ծովաբողկը գերազանցում է այնպիսի բանջարաբույսերին և մրգերին ինչպիսիք են՝ լոլիկը, սամիթը, լոբին, սոխը, սխտորը, գազարը, կարտոֆիլը, բալը, նարինջը, կիտրոնը, մանդարինը և այլն:
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով գլխավորապես օգտագործում են բույսի արմատները, որոնք աշնանը բահով հանում են և հողոտ վիճակում պահում նկուղում, ավազի մեջ 7-8 ամիս: Ծովաբողկը որպես համեմունք ունի կիրառման շատ հին պատմություն։ Հնդկաստանում ծովաբողկը դեռևս շատ հնուց օգտագործել են որպես օրգանիզմի ուժերը խթանող, միզամուղ և գոտկացավերի դեպքում՝ որպես փարատող միջոց։ Դեղաբույսի մասին 1785թ․ ուշագրավ տվյալներ է տալիս ռուս խոշոր կլինիցիստ Ն․ Մ․ Ամբոդիկ-Մաքսիմովիչը։ Նա նշում է, որ բույսը թարմ վիճակում ունի ախորժակը գրգռող հատկություն, միզամուղ է, արյան շրջանառությունը կարգավորող, արյունը մաքրող։ Նա բույսի արմատը և թարմ հյութը առաջարկել է որպես օգտակար միջոց լնդախտի, ջրգողության, քարային հիվանդության, հազի և դաշտանի հապաղման ժամանակ։ Որպեսզի չգրգռի ստամոքսը արմատը ընդունելիս, նա առաջարկում է այն կուլ տալ դեղահատերի նման մանրացրած ձևով՝ վրայից ըմպելով գիհու պտուղների թուրմ կամ խաղողի հյութ։ Ցրտառական հիվանդությունների ժամանակ առաջարկվում է արմատախյուսը քսել ներբաններին՝ մանանեխի ծեփուկների սկզբունքով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ արմատը և նրանից ստացվող հյութը համարվում են որպես ախոժակը լավացնող, միզամուղ, հակալնդախտային և խուխամուղ։ Արմատի շփոթը, որպես վարատող և գրգռիչ միջոց, իր ազդեցությամբ չի զիջում մանանեխին և կիրառվում է քսման ձևով ռադիկուլիտների, գոտկացավերի, տարբեր տեսակի մկանացավերի և այլն։ Հակալնդախտային հատկությամբ օժտված են նաև տերևները։ Արմատի թարմ հյութը և ջրաթուրմը դրական արդյունք են տալիս հեպատիտների, թերսեկրետոր գաստրիտների, պոդագրայի, ռևմատիզմի, վերին շնչուղիների կատառի, ցիստիտների, լվացման ձևով՝ թարախավերքերի, ողողման ձևով՝ տրիխոմոնադային կոլիպտների ժամանակ։ Գիտականորեն հաստատված է ծովաբողկի մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ազդեցությունը։ Ջրիկ մզվածքը իջեցնում է արյան ճնշումը, բուժում սնկային հիվանդությունները։ Դեղաբույսը օֆիցինալ է Ֆրանսիայում։ Այն լայն կիրառում ունի նաև հոմեոպաթիայում։ Արմատի պատրաստուկները մաքրում են դեմքը բծերից տալիս են փափկություն և սպիտակություն, ողողումից ախտահանում և թարմացնում բերանի խոռոչը, իսկ որպես կազդուրիչ միջոց, առաջարկվում է պարբերաբար ընդունել ճաշի հետ՝ մտավոր և ֆիզիկական ծանր աշխատանքի պայմաններում։ Ըստ Ս․ Ի․ Էնդելշտեյնի, արմատահյութը մաքուր կամ ջրով նոսրացրած վիճակում, ինհալացիայի ձևով, դրական է ազդում վերին շնչուղիների սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ։ Վ․ Շյոնենբերգերի տվյալներով արմատից ստացվող եթերայուղն աշխուժացնում է օրգանիզմի արյան և այլ հյութերի շրջանառությունը, լայնացնում երիկամների անոթները, լավացնում լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաները, ախորժակը և ընդհանուր մարսողությունը։ Փորձերով պարզվել է, որ արմատից ստացվող ալլիլ-մանանեխային յուղը առաջ է բերում մաշկի հիպերեմիա և այրող ցավ, իսկ երկարատև ազդման դեպքում՝ նույնիսկ այրվածք և հյուսվածքների մեռուկացում։ Յուղի գոլորշին առաջ է բերում ուժեղ հազ, արցունքահոսություն, փոքր դոզաներով՝ գրգռում է ախոժակը և ուժեղացնում ստամոքսաաղիքային տրակտի գեղձերի հյութազատությունը, մինչդեռ մեծ դոզաները կարող են առաջ բերել սուր գաստրոէնտերիտ։ Ընդհանրապես դեղաբույսը հակացուցված է սուր գաստրիտների, նեֆրիտների և էնտերոկոլիտների ժամանակ։ 1/5-ի հարաբերությամբ նոսրացրած արմատահյութը կիրառվել է խրոնիկական ախիլիկ գաստրիտով տառապող 18 հիվանդի մոտ։ Հյութը ընդունվել է 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, 3 շաբաթ տևողությամբ։ Բուժումը տարվել է տնային պայմաններում և բացառությամբ արմատահյութի, հիվանդներն այլ բուժամիջոցներ չեն ընդունել։ Հիվանդներից 8-ի մոտ արձանագրվել է ոչ հիստամինակայուն, իսկ 10-ի մոտ՝ հիստամինակայուն ախիիա։ Բոլոր հիվանդները դեղամիջոցը լավ են տարել բացառությամբ 3-ի, որոնց մոտ ցավային երևույթներն ուժեղանալու հետևանքով, այս բուժումը ընդհատվել է։ Բուժումից հետո հիվանդների մոտ նկատվել է ախորժակի լավացում, վերփորի հատվածի ցավերի, բքնածության և այլ անախորժ զգացումների վերացում։ Ուշագրավ է, որ բուժման կուրսն ավարտելուց հետո ոչ հիստամինակայուն 8 ախիլիկ հիվանդներից 5-ի ստամոքսահյութում առաջ է եկել ազատ աղաթթու, իսկ մյուսների մոտ զգալի չափով կարգավորվել է հյութի քանակի և նրա կարևոր բաղադրատարրերի (աղաթթու, պեպսին, գաստրոմուկոպրոտեիններ, լորձ, թթվահիմնային գործակից և այլն) պատկերը։ Հիվանդների մեծամասնության մոտ էլեկտրագաստրոգրաֆիկ եղանակով արձանագրվել է ստամքսի շարժիչ ֆունկցիայի աշխուժացում։
Կիրառման եղանակները
Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ քերուկը 1 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, կամ 1 թեյի գդալ քերուկը խառնում են 1 բաժակ գինու կամ գարեջրի հետ և օգտագործում նույն եղանակով։ Հյութը կարելի է ըմպել նաև մաքուր վիճակում կամ նոսրացրած՝ 1։5-1։10-ի հարաբերությամբ։ Մաքուր քերուկը որպեսզի չգրգռի բերանը և ստամոքսը, ընդունում են շաքարաջրով կամ մեղրով կամ հացին քսած վիճակում։ Դեմքի մաշկը մաքրելու և սպիտակություն տալու նպատակով Լ․ Յա․ Սկլյարովսկին առաջարկում է 50 գ արմատի քերուկը խառնել 250 մլ սեղանի քացախի հետ, պինդ փակել ամանի բերանը և 2 շաբաթ պահել մութ տեղում, հետո քամել ու ավելացնել 1,5 լ սառը ջուր և այս խառնուրդով շփել դեմքը՝ առավոտյան և երեկոյան ժամերին։ Արմատի քերուկը կարելի է քսել նաև կտորին և սպեղանու ձևով դնել մաշկին՝ ռադիկուլիտի և գոտկացավերի ժամանակ։ Արմատի շփոթը օգատգործվում է նաև կոմպրեսի, թրջոցալաթի, լվացումների և ողողումների ձևով։
Այլ օգտակար հատկանիշներ
Ծովաբողկը հիանալի համեմունք է մսեղեն, ձկնեղեն և այլ տեսակի ճաշերի մեջ։ Ինչպես արմատը, այնպես էլ տերևները, օգտագործում են վարունգի, լոլիկի, սնկի և այլ մթերքների թթուների մեջ որպես կոնսերվանտ և համեմիչ։ Ռուս ժողովուրդը հացի և ճաշի հետ օգտագործում է ծովաբողկի արմատի, սխտորի և լոլիկի խառնուրդը՝ 1։3։30-ի հարաբերությամբ։ Այս խառնուրդը մսաղացով անցկացնելուց հետո լցնում են ամանների մեջ, փակ վիճակում պահում սառը տեղ, ապա օգտագործում որպես ախորժակը գրգռող միջոց։