Կռատուկ
Հայկական տարանունները
խաբշուկ, խոզունկ, կոծոծ, կռատունկ, կռոթնի,կռոթուկ, շափալոզ, փթրախ
Դեղաբույսի Նկարագրությունը
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրության երկամյա խոտաբույս է։ Ունի ծիրանակարմիր, գնդաձև զամբյուղներով երկսեռ ծաղիկներ։ Արմատն առանցքային է, հաստ ու հյութալի, ցողունը ճյուղավոր է, տերևները՝ խոշոր, հերթադիր, սրտաձև, ամբողջաեզր։ Պտուղը քիստավոր սերմիկ է։ Բույսը կյանքի առաջին տարում տալիս է միայն խոշոր, արմատամերձ, երկար կոթունավոր, լայն տերևներ, երկրորդ տարում ծաղկում է։ Սերմերի հասունացումից հետո բույսը չորանում է։ Մեր հանրապետությունում աճում է միայն 2՝ մեծ և թավոտ տեսակները, որոնք հավասարաչափ կիրառվում են բուժման նպատակով։
Քիմիական Բաղադրությունը
Արմատում հայտնաբերված է 12,3 % պրոտեին, 60-70 % ինուլին, եթերայուղ, դաբաղիչ և դառը նյութեր, գլիկոզիդ արկտիին, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթու, ստեարինաթթու, տերևներում՝ լորձ, եթերայուղ, C վիտամին, կարոտին, դաբաղանյութեր, սերմերում՝ 20 % ճարպայուղ, գլիկոզիդ արկտիին։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են բույսի արմատը,սերմերը և տերևները։ Արմատը մթերում են աշնանը կամ վաղ գարնանը՝ մինչև տերևակալելը, իսկ տերևները՝ ամբողջ վեգետացիայի ընթացքում։ Արմատը հանելուց հետո մաքրում են հողից, լվանում սառը ջրով, դանակով քերում արտաքին գորշ ծածակույթը, ապա կտրատում երկայնակի ու չորացնում վառարանում կամ հատուկ չորանոցում։ Տերևները հիմնականում օգտագործում են թարմ վիճակաում։ Չինաստանում դեղաբույսն օգտագործվում է պոդագրայի, ուռուցքների, այտուցների, արյունազեղումների, սիֆիլիսի, թունավոր միջատների և օձերի կծելու դեպքում։ Ուկրանիական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկը, ներքին ընդունման և կոմպրեսների ձևով, օգտագործվում է մաշկային ցանավորումների, ֆուրունկուլյոզի, գեղձաղտի, որպես արյուն մաքրող միջոց՝ ռախիտի, որպես միզամուղ՝ միզուղիների ախտահարումների, ինչպես և կանացի մի շարք հիվանդությունների, խրոնիկական փորկապության, շաքարախտի, պոդագրայի, քսուքի ձևով՝ երկար ժամանակ չբուժվող վերքերի, լվացման ձևով՝ գլխի մազաթափության ժամանակ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ, Հ․ Հ․ Սեպետճյանի մեջբերումներով, բույսի արմատը թարմ վիճակում տրվել է արյունախխող հիվանդներին, արմատի մոխիրը ցանում են վերքերի վրա։ Արմատը դանակով կտրելով քսում են մաշկի ճաքվածքներին և մկնատամով ախտահարված մասերին։ Լեհաստանում և Գերմանիայում թարմ արմատը և նրա մզվածքը լայն ճանաչում ունեն որպես միզամուղ, քրտնամուղ, մազերն ամրապնդող և մաշկային որոշ հիվանդություններ բուժող միջոց։ Ավստրիայում բույսի երկամյա արմատը համարվում է որպես թեթև լուծողական և լեղամուղ միջոց։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է երիկամաքարային հիվանդությունների, շաքարախտի, պոդագրայի, ռևմատիզմի, ջրգողության, թութքի, ռախիտի, գեղձախտի, ֆուրունկուլյոզի, խրոնիկական էկզեմայի, փորկապության, հոդային ընդարմության, սնդիկային աղերով թունավորման և թունավոր միջատների կծելու դեպքերում։ Թարմ տերևը, տրորված վիճակում, դնում են հնացած վերքերի և ուռուցքների վրա։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը համարվում է դիուրետիկ և նյութափոխանակությունը կարգավորող միջոց։ Այն կիրառվում է գաստրիտների, խոցային և միզաքարային հիվանդությունների, իսկ կոմպրեսների ձևով՝ քորով ուղեկցվող դերմատիտների ժամանակ։ Արմատի եփուկը, շատ տեղերում, հանրահայտ է նաև որպես բերանի խոռոչի ողողման միջոց՝ բերանի լորձաթաղանթի բորբոքումների դեպքերում։ Գլխի մազաթափության ժամանակ գլուխը լվանում են արմատի եփուկով կամ քսում արմատից ստացվող յուղը։ Արմատի եփուկը Ա․ Պ․ Պոպովը օգտագործում է տաք փաթաթումների ձևով՝ էկզեմայի և ռևմատիզմի ժամանակ։ Արմատի կիրառումը ուժեղացնում է գլիկոգենի կուտակումը լյարդում, որով էլ այն լայնորեն ցուցված է շաքարախտի (Ս․ Ա․ Տոմիլին), ինչպես և որկորի և արգանդի ուռուցքների ժամանակ(Ն․ Ա․ Պլոտնիկով, Ե․ Կ․ Լևչենկո)։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե բույսի մեջ գերակշռում է դաբաղանյութերի քանակը, այն կարող է առաջ բերել փորկապություն։ Տերևներն պարունակում են լեղամուղ նյութեր, որոնք դրականորեն են ազդում լեղարտադրության վրա, միաժամանակ դրանք ունեն հակամիկրոբային ակտիվություն։ Թարմ արմատը՝ մշակված նշի կամ ձիթապտղի յուղով, կռատուկի յուղ անվան տակ, օգտագործվում է մազարմատներն ամրացնելու նպատակով, հատկապես սկսվող մազաթափության ժամանակ։ Բույսի թարմ արմատը աղացած վիճակում, շփոթի ձևով, 100-150 գ օրվա դոզայով, օգտագործվում է սրտային խրոնիկական անբավարարության 2-3-րդ աստիճաններով տառապող այն հիվանդների մոտ, որոնք ունեցել են արտահայտված այտուցներ և այս կամ այն չափի կայունություն միզամուղ դեղամիջոցների նկատմամբ։ Արմատի շփոթը հաճախ խառնվել է մեղրի հետ։ Նշենք, որ բուժման 2-3 րդ օրերից զգալի չափերով ավելացել է հիվանդների օրվա մեզի քանակը, իսկ հետագայում նկատվել է նկատվել է քաշի արտահայտված կորուստ՝ կապված կանգային հեղուկների դուրս գալու հետ։ Այս ֆոնի վարա որոշ հիվանդների մոտ վերականգնվել է միզամուղ դեղամիջոցների ակտիվ ներգործությունը, փոքրացել են որովայնի չափերը, կրճատվել լյարդը։ Արմատի շփոթը դրականորեն է անդրադարձել նաև հիվանդների մարսողական տրակտի գործունեության և ընդհանուր նյութափոխանակության վրա, որոնք հիմնավորվել են գործիքալաբարատոր մի շարք ցուցանիշներով։
Կիրառման եղանակները
Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 4 անգամ՝ ուտելուց առաջ, կամ 1-2 թեյի գդալ արմատափոշին 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում , ապա ըմպում 1/2 բաժակ՝ օրական 3-4 անգամ , կամ 3 գ արմատը 5 ժամ թրմում են 150 մլ սառը ջրում, ապա ըմպում միանվագ։ Արմատից եփուկ պատրաստելու համար 15 գ չոր հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ՝օրական 3-4 անգամ, կամ 50-60 գ հումքը 30 րոպե եփում են 1 լ ջրում, ապա ընդունում վերոհիշյալ եղանակով, կամ 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե եռացնում են 2 բաժակ ջրի մեջ, հովացնում, քամում, ապա օգտագործում արտաքին՝ կոմպրեսի ձևով։ Սերմերից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում միանվագ՝ որպես լուծողական։ Արմատից քսուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփում են մինչև ծավալով կիսվելը, հետո տաք վիճակում ավելացնում են 100 գ խոզի ճարպ, դնում ջեռոց մի քանի ժամ, այնուհետև օգատգործում արտաքին՝ գլխի մազաթափության ժամանակ, կամ 4 ճաշի գդալ արմատը 4 բաժակ ջրում եփում են մինչև հողուկի թանձրանալը, որից վերցնում են 1 մաս խառնում 4 մաս կովի կարագի հետ և ստացված քսուկն օգատգործում այրվածքների ժամանակ, կամ երկար ժամանակ չբուժվող վերքերի բուժման համար քսուք պատրաստելու նպատակով 75 գ թարմ, մանրացրած արմատը տաք տեղում թրմում են 1 օր 200 մլ արևածաղկի յուղի մեջ, հետո մարմանդ կրակի վրա եփում 15 րոպե ու քամում։ Ռևմատիզմի և էկզեմայի ժամանակ 4-5 ճաշի գդալ արմատը 30 րոպե եռացնում են 1 դույլ ջրում, ապա սավանը թրջում տաք եփուկով ու կատարում տաք-տաք փաթաթումներ։ Արմատից պատրաստում են նաև ոգեթուրմ, որի համար հումքը 1/5 հարաբերությամբ խառնում են 70 աստիճանի սպիրտի հետ, թրմում 2-3 օր, ապա ըմպում 10-15-ական կաթիլ՝ օրական 3 անգամ։ Շաքարաղտի բուժման նպատակով հավասարաչափ իրար են խառնում կռատուկի արմատները, կանաչ լոբին և հավամրգու տերևները։ Այս խառնունդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ։ Նման ձևով օգտագործվում է իրար հավասարաչափ խառնած կռատուկի և կղմուխի արմատների խառնուրդը՝ ռևմատիզմի ժամանակ։ Պոդագրայի դեպքում վերցնում են 25 գ կռատուկի արմատ, 20 գ սիզախոտի արմատ, 20 գ կատվալեզու, 30 գ եռագույն մանուշակ, 20 գ բերենիկե, խառնում իրար և խառնուրդից 40 գ 15 րոպե եփում են 1 լ ջրում, ապա ըմպում ուտելուց առաջ՝ օրական 3 բաժակ։ Մազաթափության ժամանակ շաբաթը 2 անգամ գլուխը լվանում են 20 գ վաղենակի ծաղիկների, 40 գ կռատուկի արմատի և 15 գ գայլուկի կոների խառնուրդի 1 լ ջրում պատրաստված եփուկով։
Այլ օգտակար հատկանիշներ
Կռատուկը վաղուց հայտնի է որպես արժեքավոր դեղաբույս։ Վաղ գարնանը արմատից, որոշ դեպքերում նաև մատղաշ տերևներից պատրաստում են սալաթ, ինչպես նաև սուրճ։ Դեղաբույսը մեղրատու է, նրանից ստացվող մեղրը ունի ձիթապտղի գույն, հաճելի համ։ Արմատն օգտագործվում է կոսմետիկայում, իսկ սերմերից ստացվող յուղը՝ օճառի և օլիֆի արտադրության մեջ։ Ցողունից պատրաստում են կոշտ գործվածք և փաթաթաթուղթ։ Բույսը գուրծվածքեղենը ներկում է կանաչ գույնի։