Գազ մանրագլխիկ
Հայկական տարանուններ
աստրագալ, գմազ, արծվոց մոշի, խազիրան, խազվիրան, հոսի, մուրիկ, ոս
Դեղաբույսի Նկարագրությունը
Թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող, բազմամյա, մինչև 1մ բարձրության կիսաթուփ է։ Ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Աճում է չորուտներում, ղռերում, շիբլյակներում՝ ընդարձակ բուսուտներով։ Մեր հանրապետությունում աճում է 125 տեսակ, որից զգալի մասը ունի բուժական նշանակություն։ Դեղաբույսը դիմացկուն է ցրտի և երաշտի նկատմամբ, լուսասեր է, պտղակալում է կանոնավոր, բազմանում է սերմերով։
Քիմիական Բաղադրությունը
Այս բույսի մեծ մասը պարունակում է բուսախեժ, որը դուրս է գալիս բույսի դեղնավուն արմատի բնական ճեղքվածքներից և վնասված մասերից։ Այն թանկարժեք դեղորայքային և տեխնիկական հումք է, պարունակում է պոլիսախարիդներ (60% բասորին, 3-10% արաբին), լորձ, ներկանյութ, օրգանական թթուների և ազոտական հիմքերի հետքեր։ Բույսի առանձին տեսակներ պարունակում են նաև գլիցերիզինաթթու, ֆլավոնոիդներ, միկրոտարրեր։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով կիրառվում է բույսից ստացվող բուսախեժը, ինչպես նաև բույսի վերգետնյա մասը։ Բուսախեժը հավաքում են գազի ծաղկման ժամանակ, հիմնականում գլխավոր արմատի միջուկից կամ ճյուղերից։ Այն սովորաբար հոսում է արմատի կտրված մասից, հատկապես շոգ օրերին։ Ցուրտ ժամանակ խեժի արտահոսքը դադարում է։ Բուժական նշանակություն ունի միայն սպիտակ խեժը։ Խեժը ջրում քիչ է լուծվում, հիմնականում այն ուռչում է և կլանում 50-100 ծավալ ջուր։ Բացի խեժից, աշնանը կամ գարնանը հանած արմատները օգտագործում են ոգեթուրմի կամ փոշու ձևով։ Վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում, կտրում են դանակով կամ մանգաղով, հողից 5-7սմ բարձր։ Այն պետք է արագ չորացնել բարակ շերտով, լավ քամահարվող տեղում։ Լավ եղանակի պայմաններում 5-7 օրում այն կարելի է պիտանի համարել պահեստավորման։ Գազը տարբեր ժողովուրդների կողմից օգտագործվում է որպես միզամուղ, փսխեցնող, քրտնամուղ, մածող, հեմոստատիկ միջոց, ինչպես նաև երիկամային, ռևմատիկ, գեղձախտային, նյարդային հիվանդությունների ժամանակ։ Գազի առանձին տեսակներ Չինաստանում օգտագործում են ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների, շաքարախտի և պիոդեմիայի ժամանակ, ինչպես նաև որպես միզամուղ և քրտնամուղ, թարախակալված վերքերի բուժման համար։ Գերմանիայում դեղաբույսից ստացվող պատրաստուկը՝ «նորեկտալ» անվան տակ օգտագործվում է որպես լուծողական։ Մխիթար Հերացին գազից ստացված խեժը խառնելով եզան լեզվի և բուսական այլ նյութերի հետ, օգտագործել է հազի և ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ գազը ծառայում է որպես ուտելիք պախրայի և ուղտի համար։ Սեփական տվյալներով նա հիմնավորում է, որ գազի խեժը ունի ցավ հանգստացնող հատկություն, այն ներքին ընդունման ձևով օգնում է ստամոքսի խոցային հիվանդությանը, խառնելով եղերդակի և ծնեբուկի հյութերին՝ դրական է ներգործում դեղնուկի վրա։ Արմատը, ծեծած վիճակում դնելով խոցակալած վերքերին, ստացել է լավ արդյունք, կամ արմատը գինով եռացրած, ներքին ընդունման ձևով, լավ արդյունք է տալիս աղիների բորբոքման, լուծերի, արյունախխման և թոքաբորբերի ժամանակ, լավացնում՝ միզարձակումը, փափկացնում հազը։ Մեջբերելով այլ հեղինակների (Սինայի որդի, Գալեն, Մասըրճուե, Մասուայի որդի և այլն) տվյալները, Ամիրդովլաթը նշում է գազի օգտակար ազդեցությունը ասթմայի, լեզվակի այտուցի և ատոնիայի, արյունամիզության և թարախամիզության ժամանակ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ նշվում է, որ գազը օգնում է հազին, փափկացնում կուրծքը, ամոքում աղիքի խոցը։ Ե․Վ․ Պոպովայի կատարած գիտափորձով պարզվեց, որ դեղաբույսի 10%-անոց թուրմը դրականապես է ազդում սրտի պսակաձև զարկերակների սուր և խրոնիկական անբավարարությունների վրա, վերացնելով սրտի շրջանի ցավերը, արագասրտությունը, ինչպես նաև ներքին օրգանների (հատկապես լյարդի) երակային կանգը, մասնավորապես այտուցները։ Ջրաթուրմը ավելի արդյունավետ ներգործում է արյան շրջանառության խանգարման 1-ին և 2-րդ աստիճանների, ինչպես նաև սուր նեֆրիտների ժամանակ։ Բույսի անգամ ցածր խտությամբ ջրաթուրմը օժտված է մանրէասպան և նախակենդանիների վրա ներգործող հատկությամբ։ Թուրմի տևական կիրառման հետևանքով (1-1,5 ամիս տևողությամբ) մեղմացել կամ տևականորեն դադարել են հիվանդների սրտի շրջանի նոպայաձև բնույթի ցավերը, ճնշման և ծանրության զգացումները, կանոնավորվել է արյան ճնշումը, սրտի ռիթմը, ավելացել դիուրեզը, պակասել այտուցները, ցիանոզը։
Կիրառման եղանակները
Ջրաթուրմ պատրաստելու համար 20գ հումքը 1ժամ թրմում են 200մլ եռման ջրում, քամու և խմում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3-6 անգամ։ Եփուկ պատրաստելու համար 10գ հումքը 30 րոպե եռացնում են 100մլ ջրում, հովացնում ու քամում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3-5 անգամ։
Այլ օգտակար հատկանիշներ
Գազը չափավոր մեղրատու է, ծառայում է որպես վառելանյութ և անասնակեր։ Կան նաև գազի թունավոր տեսակներ։ Խեխը, բացի բժշկական կիրառումից, լայնորեն օգտագործվում է նաև տեխնիկայում՝ հրուշակեղենի, տեքստիլ, թղթի, լաքերի, ներկերի, կաշվի և կոշիկի արդյունաբերության մեջ։